Foto

Ասել, թե ճգնաժամային պայմանում գույքահարկ է բարձրացվում, սխալ ընկալման արդյունք է. Թունյան

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարծում է՝ շրջանառվող թեզերը, թե պետությունը ճգնաժամային պայմաններում գույքահարկ է բարձրացնում, կամ սխալ ընկալման արդյունք է, կամ որոշ դեպքերում՝ միտումնավոր մանիպուլյացիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանը նման տեսակետ հայտնեց ասուլիսում՝ անդրադառնալով վերջերս ԱԺ-ի կողմից ընդունված գույքահարկի փոփոխություններին:

«Շրջանառվում է թեզ, թե պետությունը ճգնաժամային պայմաններում գույքահարկ է բարձրացնում: Դա կամ սխալ ընկալման արդյունք է, կամ որոշ դեպքերում միտումնավոր մանիպուլյացիա է: Բուն նախագիծը, որը հանգեցրել է գույքահարկերի ավելացման, կադաստրային արժեքների մոտարկման նախագիծն է, որն ընդունվել է անցյալ տարի: Եվ հիմա այս նախագծով մենք այդ նախագծի էֆեկտը փորձում ենք մեղմել»,-ասաց Թունյանը:

Նա նկատեց, որ հակառակ դեպքում հարկը բազմապատիկ անգամներով էր ավելանալու, այս պահին այդ ազդեցությունն են մեղմում, ընդ որում դնում սահուն ժամանկահատված՝ 6 տարի, որ մարդիկ այդ բեռը չզգան: Նոր կանոններով՝ առաջին վճարումը քաղաքացիները կատարելու են 2021 թվականի դեկտեմբերին՝ ընդ որում նոր գույքահարկերի 25 տոկոսի չափով: «Այսինքն` խոսել ճգնաժամային պայմաններում գույքահարկի բեռի բարձրացման մասին, այդքան էլ արդարացի չէ»,-ասաց պատգամավորը: 

Թունյանը նաև նշեց, որ պետք է անպայման նկատի ունենալ, որ այդ գումարները գնալու են համայնքային բյուջեներ: «Եվ եթե մենք ցանկանում ենք ունենալ ֆինանսապես անկախ, գոնե սեփական որոշակի միջոցներ ունեցող համայնքներ, պետք է նաև ընդունել, որ այդ համայնքներին որոշակի եկամուտներ են պետք, և այդ գումարները չեն ծախսվում նախարարների կամ պատգամավորների անձնական նպատակներով: Դրանք ծախելու է համայնքի ավագանին»,-ասաց նա ու նշեց՝ այլ հարց է, որ պետք է  հաշվետվողականության ավելի խիստ պայմաններ դնել ավագանիների առջև: