Foto

Կսահմանվեն գույքահարկի նոր սանդղակներ. ԱԺ-ն ընդունեց գույքային հարկի փոփոխությունների նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով ըստ էության աստիճանաբար առաջարկվում է գույքային հարկի բեռի բարձրացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 70 «կողմ», 11 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներ:

Ինչպես նախագծի զեկուցման ժամանակ նշել էր Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ օրինագծի նպատակը տեսանելի հարստությունը կամ ունեցվածքը համարժեք հարկելն է:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի  նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով  0.05 տոկոս հարկման դրույքաչափ: