Foto

Ի՞նչ կանի Մարուքյանը, եթե հուլիսի 7-ից հետո ԲՀԿ-ն այլևս չդիմի ՍԴ

Խորհրդային տարիներին մի շլայագեր կար՝ «Քաջ Նազարի երգը» (Վույ աման, վույ աման, թագավոր լինելուց լավ բան): Այդ երգում այսպիսի տողեր կային. «Մարդիկ ստեր են հորինում և այդ ստերին հավատում: Աշխարհը որ սարսաղ չլինի, Նազարը թագավոր չի լինի»: Իսկը մեր օրերի մասին է: Երկիրը մեկ մարդու գրպանի մանրադրամ է դառնում և մարդիկ, ովքեր ի զորու են դրա դեմն առնել, իրենց պահում են «կլասիկ»՝ թույլ տալով «Նազարին» պահել գահը:

Այո, խոսքը Էդմոն Մարուքյանի և նրա գլխավորած պատգամավորական խմբակցության կեցվածքի մասին է: Մարուքյանն այսօր համաձայնեց, որ ժամերի ընթացքում ԱԺ-ի կողմից Սահմանադրական փոփոխություններն ընդունելը և այն կարծիքի համար ՍԴ չուղարկելը ՀՀ Սահմանադրության խախտում են, բայց իրենց խմբակցության պատգամավորները չեն միանա ԲՀԿ դիմումին, քանի որ դրանով իբր կազդեն Ռոբերտ Քոչարյանի դատավարության վրա: Այլ բան է, որ Քոչարյանի գործը որքան էլ ջուր քաշի, չի կարողանալու բացահայտել իր բուն նպատակը՝ մարտի 1-ի զոհերի իրական մեղավորներին, որովհետև նրանց փնտրում են բալորովին այլ տեղ:

Մարուքյանն անձամբ և իր խմբակցության պատգամավորները ցույց տվեցին, որ օրենքի գերակայությունը, երկրի սահմանադրական կարգն ու կայունությունը ստորադասելի են նեղ թիմային կամ նեղ անձնական շահերին: Բայց այս գործելակերպը շատ շուտով կարող է հակառակ ազդեցություն ունենալ նույն  Մարուքյանի և նրա թիմի համար:

Հուլիսի 7-ից հետո ԲՀԿ-ն կարող է այլևս չդիմել ՍԴ, որովհետև նոր կազմով ՍԴ-ն արդեն չունի պատշաճ վստահություն: Ակնհայտ է, որ ոչ մի պարկեշտ մասնագետ չի ցանկանա ՍԴ-ում զբաղեցնել օրենքների կոպիտ ոտնահարմամբ ազատված տեղը: Պատրա՞ստ է Էդմոն մարուքյանն ապրել ոտնահարված Սահմանադրությամբ երկրում, պատրա՞ստ է նայել իր ընտրողների աչքերին: Երկրում ոտնահարված սահմանադրական կարգի վերականգնման հարցը թերևս հետաձգվի, բայց հենց առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո ակտուալ է դառնալու: Եթե Մարուքյանը կարծում է, որ Փաշինյանի իշխանությունը հավերժ է, թող հիշի Սերժ Սարգսյանին: Օրեցօր գահավիժող տնտեսությունը, երկրում տիրող ներհասարակական բևեռացումը, արտաքին և ներքաղաքական ձախողումները այս իշխանությանը ընտրություններում գրեթե շանս չեն թողնում: Այլապես սահմանադրական փոփոխությունները կարվեին հանրաքվեի ճանապարհով և դա նույնիսկ իշխանություններն են հասկացել: Մի աղոտ հույս կա, որ մինչև հաջորդ ընտրությունները նոր Սահմանադրություն կընդունվի (վերը թվարկած պատճառներով խիստ հարցական պնդում), բայց դա բալասան չէ, որովհետև հաջորդ իշխանություններն այս իշխանությունների հաստատած նախադեպով կարող են անցնել «նիկոլական» սահմանադրության վրայով ու նույն կերպ դատաստան տեսնել իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ: Իսկ Էդմոն Մարոքյանն այսօրվանից կանգնած է այդ ցուցակի առաջին հորիզոնականներում:

Թյուր է Էդմոն Մարուքյանի այն թաքուն հույսը, թե դրանով կգնահատվի Նիկոլ Փաշինյանի կողմից: Ավելնորդ չէ Մարուքյանին հիշեցնել, որ օրեր առաջ Փաշինյանը բառացիորեն իր կառավարության ձախողումները դրեց իրենց ընտրող քաղաքացիների վրա՝ ասելով, որ եթե իրենք սխալվել են, ապա սխալվել է իրենց ընտրող ժողովուրդը: Վաղը Փաշինյանը կարող է հանգիստ հրաժարվել պատասխանատվությունից, ասելով, որ, այո, իրենք կարող էին սխալվել, բայց օրվա ընդդիմության սուրբ պարտքը իրենց հակակշռելը, հնարավոր սխալներից ապահովագրելն էր, որից չօգտվեցին և չդիմեցին Սահմանադրական դատարան:

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ նույնիսկ հավանական քաղաքական ֆիասկոյի դեպքում Փաշինյանը փորձելու է իր հետ խորտակել Մարուքյանին ու իր թիմին, և Մարուքյանի այսօրվա լռությունը վաղն իր դեմ է օգտագործվելու:

Հեղինակ: Eduard Saribekyan