Foto

Փաշինյանը վայրկյան անգամ չի երկմտի ժողովրդի տարբեր հատվածներն իրար դեմ հանելուց առաջ

Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Սահմանադրական դատարանի շուրջ արհեստականորեն ստեղծված թնջուկը բացառապես քաղաքական իշխանության քմահաճույքի արգասիքն է: Բոլոր հնարավոր միջոցներով փորձ է արվում տիրանալ ՍԴ-ին և այդ մրցարշավում նույնիսկ մոռացվել է այն, թե ինչի համար է իրենց պետք այդ ՍԴ-ն: Հանրության մի մասը կարծում է, որ դա արվում է երկրում «հեղափոխությունն» ավարտին հասցնելու համար, մյուս մասը, ոչ առանց ծանրակշիռ պատճառների, համոզմունք է հայտնում, որ դա ընդամենը Նիկոլ Փաշինյանի նեղ անձնական քինախնդրության հարց է, քաղաքացիների մի ստվար զանգված էլ պնդում է, որ ՍԴ-ն օրվա իշխանությանը պետք է բացառապես իր իշխանությունը ամեն գնով պահելու համար և այլն:

Մի բան ակնհայտ է, որ ՍԴ-ի դեմ այս կոմպանիայում քաղաքական իշխանությունը այրում է բոլոր կամուրջները և պինդ փակում եռացող կաթսայի բերանը, որպեսզի ոչ մի քաղաքական կամ իրավական ճանապարհով հնարավոր չլինի ետ շրջել կամ կասեցնել գործընթացը: Սակայն այս իրավիճակն առավել պայթյունավտանգ է և իր հետևանքներով առավել կործանարար՝ երկրի ճակատագրի համար: Եթե քաղաքական շխանությունների ագահությունը թույլ տար քաղաքական կամ իրավական նույնիսկ փոքր միջանցք, ապա ՍԴ թնջուկի շուրջ իրադարձությունները գուցե մնային զուտ քաղաքական հարթության վրա: Բայց հիմա, երբ խորհրդարանական ընդդիմության մի մասը լռեցվում է ինչ-որ քրեական պատմությունների և բացահայտ շանտաժի միջոցով, իսկ մյուս մասն էլ ԱԺ նիստերի դահլիճում կերած ծեծի հետևանքով ընդունել է «կողմնակի հետևողի» կարգավիճակը, շարքային քաղաքացիները օբյեկտիվորեն մանացել են բացառապես իրենց և պայքարի իրենց հասանելի փողոցային տարբերակի հույսին: Սա իշխանությունների կողմից լավ հաշվարկված այգորիթմ է, երբ պայքարի իրավական և քաղաքական կոմպոնենտները չեզոքացվում են, իսկ ժողովրդի ձայնը ճնշվում է անհիմն երկարեցված արտակարգ դրությամբ: Պատահական չէր, որ վարչապետն իր վերջին հրապարակային ելույթի ժամանակ ակնարկեց, որ իր իշխանության դեմ բողոքողներին կհակադրի իր կողմնակիցների բանակը: Ակնարկը շատ թափանցիկ է և թող ոչ ոք չկասկածի, որ Նիկոլ Փաշինյանը վայրկյան անգամ կերկմտի ժողովրդի տարբեր հատվածներն իրար դեմ հանելուց առաջ: Այդպես եղել է 2008թ. մարտի 1-ին, այդպես կլինի իր իշխանության համար օրհասական յուրաքանչյուր պահի: Միաժամանակ՝ ոչ մի պատասխանատվություն, որովհետև դա նույնպես հերթական անգամ կբարդվի ժողովրդի ուսերին:

Հեղինակ: Eduard Saribekyan