Foto

Գրավել դատական իշխանությունն՝ ամեն գնով, ահա քաղաքական իշխանության իրական նպատակը

ԱԺ-ն, ավելի ստույգ «Իմ քայլը» խմբակցությունն ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը առաջին ընթերցմաբ միաձայն կողմ քվեարկեցին Սահմանադրական փոփոխությունների նախագծին: Դատելով հապշտապ ընթացակարգից և այն «եռանդից», որ տիրում էր դահլիճում, կարելի է վստահաբար ասել, որ երկրորդ ընթերցումն էլ կանցնի միաձայն: Իսկ ո՞րն էր այն հրատապությունը, որ խորդրդարան է բերվել և բառացի «սղղացվում» է այս օրենքը:

Փաստերը ինքնին խոսում են, որ սա դատական իշխանության նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու իշխանական թիմի և նրա ղեկավարի քաղաքական նկրտումների հերթական քայլն է: Այն կատարվում է երկրի արտաքին գործընկերների և միջազգային փորձագիտական ամենահեղինակավոր կառույցներից  մեկի՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքում նշված հանձնարարականներին հակասելով: Դրա մասին բարձրաձայնվում է հենց հանձնաժողովի կարծիքի տեքստում:

Գրեթե կասկածից վեր է, որ այս նախագիծը բացառապես ներքաղաքական խնդիրներում Սահմանադրական դատարանի դիրքորոշման վրա ազդելու քայլ է, որ կատարվում է նույնիսկ հայաստանյան օրենքների՝ մասնավորապես գործող Սահմանադրության ոտնահարմամբ: Հարցն այն է, որ առանց սահմանադրական վերանայման (ստուգման), այսինքն առանց Սահմանադրական դատարանի եզրակացության Սահմանադրության մեջ փոփոխություններ չի կարելի կատարել, իսկ դա կրկին մեր երկրի օրենքներով քրեորեն պատժելի արարք է: Ակնհայտ է, որ խորհրդարանական մեծամասնությունը, որի քաղաքական պատվերը ձևավորվում է վարչապետի առանձնասենյակում, չի պատրաստվում հաշվի նստել ո՛չ միջազգային կարծիքի, ո՛չ էլ մեր երկրի օրենքների հետ՝ պատճառաբանելով, թե սրանով իբր շարունակում է 2018-ի հեղափոխությունը: Դրանով այսօրվա քաղաքական իշխանությունները կատարում են այնպիսի քայլեր, որոնց համար ամեն օր մեղադրում են նախկիններին: Գործադիրն ու օրենսդիրը կոպտորեն միջամտում են դատական իշխանության գործունեությանը, կասկածի տակ դնելով երկրի ժողովրդավարական հեղինակությունն ու ներսում իրականացվող բոլոր գործընթացների իրավական լեգիտիմությունը: Անընդհատ երկարաձգվող արտակարգ դրության պայմաններում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական հետապնդումներն ու ֆիզիկական հաշվեհարդարները կասկածի տեղ չեն թողնում, որ իշխանության թիրախը դեռ տարսկզբից եղել և մնում է Սահմանադրական դատարանը: Այլապես ինչպես բացատրել այս շտապողականությունը, երբ հայտարարվում է, որ փոփոխությունները կատարում են գործող սահմանադրության դրույթները շուտափույթ կիրառելու նպատակով, իսկ վարչապետ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարում էր, որ երկրին դե յուրե նոր սահմանադրություն է պետք: Իրականում Նիկոլ Փաշինյանին հենց նոր սահմանադրություն է պետք, որի համար էլ հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով փորձ է արվում գրավել դատական իշխանությունը և Սահմանադրական դատարանը:

Հեղինակ: Eduard Saribekyan