Foto

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահ Հարությունյանը նշել է, որ քաղաքական ուժերի միջև համագործակցությունը միտված է երկրում համերաշխության մթնոլորտի պահպանմանը և ծրագրային դրույթների շուրջ համատեղ ջանքերի գործադրմանը:

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ ձևավորված օրակարգի շրջանակում «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը պատրաստ է համագործակցելու խորհրդարանական և արտախորհրդարանական այլ ուժերի հետ:

Իր խոսքում Սամվել Բաբայանը ևս կարևորել է համատեղ փոխգործակցության գաղափարն՝ ընդգծելով, որ այն հատկապես պահանջված է հայրենիքի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար: