Foto

Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին

Մայիսի 23-ին Լոս Անջելեսից Երևան է ուղևորվել ևս 56 ՀՀ քաղաքացի՝ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել փոխկապակցել երկու ավիաընկերությունների չվերթները։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հաղորդմամբ, այդ չվերթներն իրականացնող KLM և Belavia ավիաընկերությունների հետ ՀՀ գլխավոր հյուպատոսության ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ ՀՀ քաղաքացիները Ամստերդամում շենգենյան արտոնագրի կարիք չեն ունենում և օգտվում են տարանցիկ գոտուց։

Այս երթուղիով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան կազմակերպվում է մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։ Արդեն վերադարձել է 121 ՀՀ քաղաքացի։ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ աջակցություն են ցուցաբերում կազմակերպական հարցերում, ինչպես նաև մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին։

Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին։