Foto

Գրանցման, հաշվառման և քննական կենտրոնները հատուկ ռեժիմով կաշխատեն նաև հանգստյան օրերին

Ճանապարհային ոստիկանության գրանցման, հաշվառման և քննական կենտրոնները ևս վերսկսել են աշխատանքը: Գրանցման, հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնում քաղաքացիների ու վարորդների ակտիվ հոսք եղել է շաբաթվա սկզբին։
Արտակարգ դրության պայմաններում երկամսյա աշխատանքային դադարի պատճառով կիսատ գործարքներ են կուտակվել։ Գրանցման, հաշվառման քննական կենտրոն մտնելիս անվտանգության կանոններին ենթարկվելը պարտադիր է։
Գործարքի տեսակն ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը ճշտելուց բացի, բոլոր հանրային ծառայություններում դիմակ  պահանջելն աշխատանքի կարևոր բաղադրիչն է։ Այդպես է թույլատրվում քաղաքացիների մուտքը Գրանցման, հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի մասնաշենք:
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մեքենայի առք ու վաճառքի, գրանցման հերթում հայտնված, վարորդական իրավունքի վկայականի համար քննություն հանձնող քաղաքացիները սպասում են դրսում։ Անհրաժեշտ հեռավորություն պահպանելու զգուշացման գործը վերապահված է ճանապարհային ոստիկաններին:
Կուտակումներ եղել են աշխատանքները վերսկսելու առաջին երկու օրերին: Գրանցման, հաշվառման ու քննական կենտրոնների  աշխատանքը դադարեցվել էր մարտի 25-ից, ու գրեթե  երկու ամիս իրենց գործարքներին սպասող քաղաքացիների մեծ մասը հենց առաջին օրն է ներկայացել կենտրոն։ Հիմա արդեն կենտրոնի մուտքի մոտ շատ սպասողներ չկան։
«Օրական կատարում ենք մոտավորապես 100-120 գործարք, 90-70-80՝ նայած օր։ Առաջին օրն էլ մինչև 120 գործարք կատարեցինք տրանսպորտային միջոցների գրանցումից։ Վարորդական իրավունքի վկայականի ստացման ցուցանիշներն են մի քիչ բարձր»,-նշեց Գրանցման, հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի պետ Գառնիկ Լևոնյանը։
Տեսանելի վայրերում ու համակարգիչների վրա փակցված ցուցանակների ու հատուկ գծանշումների միջոցով ապահովված է 1-2 մետր հեռավորություն, իսկ աշխատանքային սեղաններին մոտենալ թույլատրվում է միայն ստորագրելու ժամանակ: