Foto

ՌՀՄ գործունեությունը երբեք չպետք է քննարկել և գնահատել Հայաստանի ներքաղաքական իրողությունների համատեքստում. Վլ. Աղայան

Մայիսի 20-ին «Ժամանակ» օրաթերթը «Հին Հայաստանի կարոտախտը» վերնագրով լրատվություն է հրապարակել «Ռուսաստանի Հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության կողմից Հայաստանում ծավալած գործունեության մասին՝ վկայակոչելով իբր իմ խոսքերը, թե կազմակերպությունը «ավելի ակտիվ» համագործակցել է նախկին իշխանությունների հետ, չնայած, որ համագործակցում է նոր իշխանությունների հետ ևս:

Ես, որպես ՌՀՄ փոխնախագահ, հայտնում եմ հանրապետության լրատվամիջոցներին և քաղաքացիներին, որ մեր կազմակերպությունը իր 20 ամյա գործունեության ընթացքում Հայաստանում իրագործել է բազմաթիվ բարեգործական, զարգացման, կրթամշակութային և այլ բնույթի ծրագրեր՝ հաշվի չառնելով տվյալ պահին երկրում տիրող ներքաղաքական պայքարը, նոր ու հին իշխանություն հասկցություները: Ուստի հորդորում եմ ՌՀՄ գործունեությունը երբեք չքննարկել և չգնահատել երկրի ներքաղաքական իրողությունների համատեքստում:

Մեր իրագործած ծրագրերի շահառուները եղել և մնում են հայ ժաղովուրդը և Հայաստան երկիրը, անկախ նրանից, թե տվյալ պահին քաղաքական որ ուժն է կառավարել: Կազմակերպությունը նույն քաղաքականությունը շարունակում է նաև այսօր: Ներկա իշխանությունները դեռ նոր էին սկսել իրենց գործունեությունը, երբ Ռուսաստանի հայերի միությունը 2018թ հուլիսին Մոսկվայում կազմակերպեց տնտեսական ֆորում, որը նպատակաուղղված էր Հայաստանի սահմանամերձ շրջանների ներդրումային քաղաքականության աշխուժացմանը: Ֆորումին Հայաստանից մասնակցում էին յոթը նախարարությունների փոխնախարարներ, տարածքային կառավարման նախարարի գլխավորությամբ: Սա նոր իշխանությունների հետ առաջին մասշտաբային համագործակցությունն էր: Ընթացիկ տարվա ապրիլին էլ մեր կազմակերպությունը Հայաստանի 12 հազար կարիքավոր ընտանիքների տրամադրել է նյութական օժանդակություն, որը տեղերում տրամադրվել է կրկին իշխանության տեղական մարմինների հետ սերտ համագործակցության պայմաններում:

Այս տարի լրանում է Ռուսաստանի հայերի միության 20 ամյակը: Հոբելյանական տարում բազմաթիվ լայնածավալ և բովանդակալից միջոցառումներ կանցկացվեն Հայաստանում: Դրանք նույնպես կիրականացվեն երկրի իշխանության համապատասխան մարմինների հետ սերտ համագործակցության պայմաններում կորոնավիրուըսի համավարակից հետո, որին, համոզված եմ, կհաղթահարենք նույնպես սերտ համագործակցությամբ:

ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայան