Foto

Նախագահը հանդիպումներ է նախաձեռնել քաղաքական ուժերի, հանրային սեկտորի ներկայացուցիչների և մասնագետների հետ

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի, դրա տնտեսական հետևանքների, նոր մարտահրավերների հաղթահարման ուղիների քննարկման նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումների շարք է նախաձեռնել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ:

Այս շրջանակում նախագահ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, տնտեսական դժվարություններին, դրանց հաղթահարման հնարավորություններին և ուղիներին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս մարտահրավերը հնարավոր է հաղթահարել միայն ուժերի համախմբման միջոցով: ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսլականն իրավիճակը հաղթահարելու հնարավոր ճանապարհների մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրի ներքին և արտաքին խնդիրների վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև համազգային օրակարգին վերաբերող մի շարք հարցերի, այդ շրջանակում անցկացված և նախատեսվող, այդ թվում՝ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին, Սևրի դաշնագրի կնքման 100-ամյակին և Առաջին Հանրապետության առաջիկա տարեդարձին նվիրված միջոցառումներին: Հանրապետության նախագահին տեղեկություններ են ներկայացվել ՀՅԴ ծրագրած մի շարք միջոցառումների մասին, որոնք, համավարակով պայմանավորված, ժամանակավորապես հետաձգվել են:

Անդրադարձ է եղել նաև նախագահ Սարգսյանի առաջարկած Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի ստեղծման նախաձեռնությանը: Հյուրերը ողջունելի են համարել համահայկական նշանակության այս նախաձեռնությունը, որն ուղղված է ազգային միասնականության ապահվմանը: