Foto

Քաղաքացուն պատրաստվում են տուգանել չկատարա՞ծ խախտումի համար

Երկիրը տնտեսական կոլապսի առաջ է հայտնվել, ամեն օր կորոնավիրոսով վարակվածների թիվը մեծանում է հարյուրներով, բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան, բայց մեր Ազգային ժողովը բառի բուն իմաստով զանգ կախելով է զբաղված: Կառավարությունն իբր ցանկանում է փողոցում մոտները դիմակ չունեցող քաղաքացիներին տուգանել ոչ թե 100-300 հազար դրամ, այլ 10 հազար դրամ և դրա համար ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել: ԼԱվ բան են մտածել, բայց ...

Իրականում սա համավարակի դեմ պայքարի ոչ մի նշույլ չի պարունակում, այլ բացառապես մարդկանց տուգանքներով ծանրաբեռնելու միտում ունի:

Բացատրեմ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը չի հստակեցնում, արդյո՞ք գործատուն պարտավոր է գործատեղում իր աշխատակիցներին ապահովել դիմակներով: Չի հստակեցվում, թե ի՞նչ չափորոշիչներ են առաջադրվում դիմակներին, ի՞նչ հաստություն, քանի՞ շերտ պետք է դրանք ունենան, ուղղակի ասվում է, որ դրանք պետք է ծառայեն այն նպատակին, որի համար նախատեսված են, այսինքն պաշտպանեն վարակվելուց, իսկ դրա գնահատումը թողնվում է բացառապես քաղաքացու հայեցողությանն ու գիտակցությանը: Ոչ մի մեխանիզմ չկա, որով հսկող մարմինները ստուգեն դիմակների թարմությունը: Իսկ կարգավորման իմաստն այն է, որ արտակարգ դրության սահմանափակումներով դիմակ կրելը պարտադիր է միայն փակ տարածքներում, այսինքն միայն փակ տարածքներում դիմակ չկրելն է խախտում:

Առաջարկվող փոփոխությունը ենթադրում է, որ անկախ նրանից, մարդը մտադրություն ունի փակ տարածք մտնել, թե ոչ, նրան պարտադրվում է մոտը դիմակ ունենալ, այլապես կտուգանվի: Այսինքն քաղաքացուն բաց տարածքում մոտը դիմակ չունենալու դեպքում տուգանում են փաստացի իր կողմից չկատարած խախտումի համար: Նույնն է թե քաղաքացուց պահանջեն մոտը բինտ ու նյոդ ունենալ, որովհետև չի բացառվում, որ կարող է փողոցում կամ այլ տեղ քերծվածք ստանալ: Այդ դիմակը էժան չէ, իսկ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ գրպանում կամ պայուսակում այն անպիտան չի դառնա: Ավելին, օրենքը թեև մեղմացում է կատարում, բայց հետադարձ ուժ չունի նույն տրամաբանությամբ նույնատիպ նախկին խախտումների համար: Այստեղից այն կառչուն հետևությունը, որ պետությունը քաղաքացիներին շարունակում է դիտարկել որպես «տուգանելու մատերիալ»: Դրա մասին է վկայում հենց տուգանքի չափի կրճատումը, այսինքն 10 հազար դրամով մարդուն տուգանելն ավելի հեշտ է, քան 300 հազարով:

Ողջախոհ մոտեցման պարագայում պատասխանատվությունը պետությունը պետք է հավասարապես կիսի քաղաքացիների հետ, իսկ դրանց կրելու պարտադրանքի հսկողությունը դրվի այն փակ տարածքների տնօրինության վրա, որտեղ մարդիկ կարող են հայտնվել առանց դիմակների: Հասկանալի է չէ՞, որ առանց տոմսի թատրոն, առանց փողի ռեստորան չեն գնում և ոչ մեկին դրա համար փողոցում չեն տուգանում, որովհետև ուղղակի քայլող մարդուն չես պարտադրի գրպանում տոմսակ կամ դրամապանակում փող ունենալ:

Բայց մյուս կողմից շատ դիտարժան է, երբ պատգամավորներն ամենայն լրջությամբ քննարկում են այս զանգկախոցին:

Հեղինակ: Eduard Saribekyan