Foto

Բարի գալուստ ՀՀՇ-ական 90-ականներ՝ ծառերի տակ թաքնված գաիշնիկներով

Արագաչափերը փակելուց սկսված թավշյա հեղափոխությունից երկու տարի անց ՀՀ քաղաքացիներին «ավետում» են, որ այսուհետ ճանապարհային ոստիկանությունը ծածուկ ծառայություն կանի: Առանց հատուկ տարբերանշանների մեքենաներով քաղաքացիական հագուստով մարդիկ ճանապարհային ոստիկանության գործառույթներ կիրականացնեն:

Հասանք, իջեք…

Որ հանրապետության ավտոճանապարհներին անվերահսկելի իրավիճակ է, նույնիսկ ոզնուն է հասկանալի, որ դրան մի օր պետք է վերջ տրվի, դա էլ չի քննարկվում: Խնդիրը մեթոդների մեջ է: Այս առումով մի քանի գործիք արդեն գործում է՝ արագաչափերը ոչ միայն չեն պակասել (բացառությամբ 40 կմ/ժ արձանագրողներից), այլև ավելացել են, տեսահսկման սարքեր են դրվում նորանոր խաչմերուկներում, ներդրվել է բալային համակարգ, ՃՈ բոլոր գործառույթները պահպանված են և այլն: Հիմա ո՞րն է պատճառը, որ մի հատ էլ ծածուկ ծառայություն են մտցնում: Սակայն սա միակ հարցը չէ, նույնիսկ ոչ ամենակարևորը:

Հիմա ըստ հերթականության.

1.       Արդյո՞ք ՃՈ առկա տեխնիկական հնարավորություններն ու մարդկային ռեսուրսները չեն բավարարում պատշաճ ծառայություն կատարելու համար, եթե ուղիղ երկու տարի առաջ դրանք լիովին բավականացնում էին

2.       Ովքե՞ր են լինելու այդ քաղաքացիական հագուստով մարդիկ և ի՞նչ հիմունքներով են իրականացնելու այդ ծառայությունը, ի՞նչ միջոցների հաշվին է կատարվելու նրանց վարձատրությունը

3.       Ի՞նչ միջոցներով են շահագործվելու այդ առանց տարբերանշանների ավտոմեքենաները

4.       Այդ եղանակով հայտնաբերված խախտումների տուգանքների ո՞ր մասն է գնալու պետբյուջե

Ակնհայտ է, որ երթևեկության այս քաոսային իրավիճակը ծնվեց և շարունակվում է հեղափոխական օրերի փողոցներ փակելուց հետո, երբ երկրում բոլորը հեղափոխական հարթակից վարչապետեր հռչակվեցին: Դա լեգիտիմացվեց, երբ հեղափոխական պողոսներին ներվեցին բացմամիլիոնանոց խախտումներն այն դեպքում, երբ պարտաճանաչ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը մինչ այդ էլ, հիմա էլ պարտաճանաչորեն վճարում են իրենց տուգանքները: Մյուս կողմից արդեն հիվանդագին են դառնում քաղաքացիներին տարբեր եղանակներով հետևելու, նրանց ազատությունները սահմանափակելու գործողությունները՝ բանկային գաղտնիքի փաստացի վերացում հակակոռուպցիոն պատրվակով, քաղաքացիների հեռախոսազանգերի գաղտնալսում ոստիկանության մարմինների կողմից, նույն հեռախոսազանգերի հետևելու մեխանիզմ հակահամաճարակային անվտանգության պատրվակով և այլն: 

Վերևում բերված հարցերի և նկարագրված իրավիճակի նույնիսկ մակերեսային վերլուծությունը կասկածներ է ծնում, որ ամեն ինչ արվում է երկրում վախի մթնոլորտ հաստատելու, որոշակի գործընթացներ առավել վերահսկելի դարձնելու նպատակով: Մեզ ծանոթ ԾՈ-ն ոչ միայն պատժիչ, այլև առավել մեծ կանխարգելիչ գործառույթ ունի, իսկ հիմա դառնում է բացառապես պատժիչ մահակ, իսկ ժողովուրդը կրկին վերածվում է «տուգանելու մատերիալի»: Այլ բացատրություն չի կարող լինել և չկա: Թերևս մի բացատրություն գոյության իրավունք ունի՝ ինչպես 90-ականներին, հիմա էլ փորձ է արվում վերաստեղծել գաիշնիկական «սև կասսան», որտեղ կուտակված միջոցները գնալու են նոր Հայաստանի նոր ձևավորվող նոր օլիգարխիային: 

Բարի գալուստ ՀՀՇ-ական 90-ականներ՝ ծառերի տակ թաքնված գաիշնիկներով:

Հեղինակ: Eduard Saribekyan