Foto

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես»․ «Հայոց ցեղասպանությունը 105 տարի չփակված վերք է»

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը», որը ներառում է մոտ 20 կուսակցություն ու քաղաքացիական նախաձեռնություն, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել։

«1915թ․ ապրիլի 18-ը և 1915թ․ ապրիլի 24-ը՝ օսմանյան «Միություն և առաջադիմություն» կուսակցության կառավարման ժամանակաշրջանի երկու մեծ ողբերգություններն ասորիների և հայերի ցեղասպանություններն են։

Անատոլիայի (Արևմտյան Հայաստան-խմբ․) և Միջագետքի հնագույն ժողովուրդներից հայերն ու ասորիները ցեղասպանական ոճրագործության ենթարկվեցին մի բուռ հարստահարիչ խմբի կողմից «գոյության խնդրի» համար իրականացված «անվտանգային քաղաքականության» պատճառով»,- ասվում է ուղերձում։ 

Նշվում է, որ 1915թ․ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ ծրագրված և համակարգված հանցագործություն է, որն առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան պետության գլուխ կանգնած «Միություն և առաջադիմություն» կուսակցության կողմից ուղղորդվել է, կազմակերպվել է և հայերին որպես ազգ թիրախավորել է իրենց էթնիկ ինքնության և կրոնական համոզմունքների պատճառով։

«Հայոց ցեղասպանությունը Անատոլիայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքների դեմ իրականացված հարձակում է։ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն 1․5 մլն հայերի ջարդ է, այլև դարեր ի վեր Անատոլիայի ամբարած մշակույթի ոչնչացում։ Այն 105 տարի չփակված վերք է։

Պետությունը, որը թիրախավորել էր մոռացության տալ այս հողերում հայերի հետ տեղի ունեցածը, ոչնչացրեց հայերին պատկանող գերեզմանները, դպրոցները, եկեղեցիների մեծ մասը, իսկ այն ինչ չկարողացավ ոչնչացնել՝ շորթեց, փոխեց տեղանունները»:

Կոնգրեսը շեշտում է, որ օսմանյան-թուրքական իշխող վերնախավի կողմից իրագործված ցեղասպանության հանցագործության ժխտողական քաղաքականությունը շարունակական դրսևորում է ունեցել նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո։ Այդ քաղաքական ուղեգիծը դեռևս շարունակում է շովինիզմի թունավոր արյունը ներարկել թուրք հասարակության երակներում։

«Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը» հայտարարել է, որ իրենք կողմ են, որպեսզի օսմանյան-թուրքական իշխող վերնախավը դատապարտվի ցեղասպանության հանցագործության համար,  ինչպես նաև կողմ են ներողություն խնդրել հայ ժողովրդից, անվերապահորեն ճանաչել արևմտահայերի սերունդներին վերադարձնելու վերաբերյալ իրավունքը, ապահովելով լքյալ գույքերի վերադարձը նրանց և այդ հոսող վերքը ինչ-որ չափով վիրակապել։

«Հայերի և ասորիների ցեղասպանության 105-րդ տարելիցին մեկ անգամ ևս խոնարհվում ենք զոհերի հիշատակի առաջ։ Մեկ անգամ ևս հայտնում ենք, որ շարունակելու ենք հայ և ասորի ժողովուրդների արդարության փնտրտուքը։ Մեր ժողովուրդներին կոչ ենք անում զարգացնել ինքնակազմակերպումը ընդդեմ նոր կոտորածների և ցեղասպանական փորձերի»։