Foto

Արամ Առաջին կաթողիկոսի հանդիսապետությամբ Անթիլիասում մատուցվել է սուրբ պատարագ

Որքան էլ ժամանակը մեզ հեռացնում է 1915 թվականից, մեր ժողովրդի իրավունքների հետանդումը նոր նվաճումներ ու հաջողություններ է արձանագրում: Անթիլիասի վանական համալիրում Ապրիլի 24-ի զոհերի հիշատակման պատարագի ժամանակ իր խոսում նշել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը:

Նրա խոսքով, թեև համաճարակի պատճառով մեր ժողովուրդը չի կարող համախումբ ներկայությամբ իր հավաքական վճռականությունն արտահայտել, բայց մեր ժողովրդի զավակները սոցիալական ցանցերով, մոմավառությամբ, զանգակներ հնչեցնելով հիշեցին ու աշխարհին հիշեցրին, որ անպատիժ մնացած ցեղասպանություն կա:

«Հայ դատը հայ ժողովրդի դատն է, հետևաբար Հայ դատը մենք պետք է շարունակենք համահայկական մասշտաբով: Մեն ժողովրդի արդար իրավունքները պետք է քաղաքական և իրավական հիմնավորումներով հետապնդել միջազգային շրջանակներում:

Պետք է լինել իրապաշտ: Դժբախտաբար այսօրվա աշխարհը իրավունքներից հեռու է: Այսօրվա աշխարհաքաղաքական պայմանները, այսօրվա քաղաքական դասավորումները հիմնված են ազգերի ու գերտերությունների տնտեսական ու քաղաքական շահերի վրա: Մարդու իրավունքների հռչակագիրը, դժբախտաբար թղթի վրա է մնացել: Ազգերի իրավունքները, աստվածատուր արդարությունը մարդկային կյանքի լուսանցքում է գտնվում: Հետևաբար մեր մոտեցումը պետք է լինի իրապաշտ: Մեր դատի այժմեականացումը, քաղաքական ու իրավական հիմքերով աշխարհի առջև պարզելը հրամայական է: Այսօրվա աշխարհի լեզվով, մոտեցումով պետք է մեր Դատը ներկայացվի ազգերին»,-ասել է Արամ Առաջին կաթողիկոսը՝ հավելելով, որ այստեղ իր դերն ունի ինչպես Հայաստանի պետությունը, այնպես էլ Սփյուռքը:

«Հայաստանը որպես պետություն իր մոտեցումներով, իր շեշտադրումներով, իր մարտավարական ու ռազմավարական մոտեցումներով, և Սփյուռքի իրեն հատուկ մոտեցումներով: Այս գիտակցությամբ պետք է շարունակենք մեր Դատի հետապնդումը միջազգային շրջանակներում՝ ընդարձակելով մեր բարեկամների շրջանակը:

1915-ին մարդ-կորոնավիրուսները, որոնք կոչվեցին թալեաթներ, էնվերներ, ուզեցին հայ ժողովրդին դագաղի մեջ դնել, բայց պատմությունը վկայում է, որ իրենք դագաղի մեջ դրվեցին»,-ընդգծեց նա:

Արա Ա կաթողիկոսն ընդգծել է, որ մեր ժողովուրդը միայն Ցեղասպանության դատապարտում չի պահանջում, այլ պահանջում է նաև հատուցում, մեր հողերի վերադարձ. «Մենք իրավազրկված ժողովուրդ ենք, մեր պապենական հողերից արտաքսված ժողովուրդ ենք: Մենք չենք կարող Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան պատմության փոշիների տակ ծածկված պահել: Մենք պահանջատեր ենք:

Ցեղասպանությունն այսօր էլ շարունակվում է, երբ ներկայիս Թուրքիան գրաված է պահում մեր հազարավոր վանքերը, եկեղեցիները, ազգապատկան կալվածքները: Ցեղասպանությունը շարունակվում է, երբ Թուրքիան մեր կալվածքների, շինությունների ինքնությունը փոխում է, և ամեն տեսակ հայկական հետք զանազան ձևերով փորձում է ջնջել: Ո՞ւր է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ուրէ միջազգային կարծիքը, միջազգային դատարանները: Ցեղասպանությունը շարունակվում է, երբ Թուրքիան շարունակում է իր հակահայ և ուրացումի քաղաքականությունը: Մենք իրավունք չունենք լուռ մնալու:

Պահանջատիրությունը մեր ժողովրդի համար լոզունգ չէ, դա ամենօրյա ապրում ու տագնապ է: Մենք Թուրքիայից ցավակցություն, երկխոսություն չենք պահանջում, այլ միայն արդարություն՝ միջազգային օրենքի համաձայն: Թուրքիան պետք է փոխհատուցի և սա միայն իմ կարծիքը չէ, այդպես է ասում միջազգային օրենքը»,-հայտարարել է Արամ Աառաջին կաթողիկոսը՝ կոչ անելով հայ ժողովրդի բոլոր զավակներին վերանորոգելու մեր պահանջատիրական կամքն ու հանձնառությունը: