Foto

Պարետը հանդես է եկել տեսաուղերձով

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել տեսաուղերձով և կոչ արել քաղաքացիներին օգնել միմյանց, լինել պատասխանատու և կարգապահ:

Ավինյանը իր ուղերձում նշել է, որ համաճարակի դեմ պայքարի շրջանակում այս օրերին պետական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով:

«Լիարժեք մոբիլիզացիայի միջոցով անում ենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի ապահովենք բոլորի անվտանգությունն ու առողջությունը: Սակայն մենք այս ամենից կարող ենք հաղթանակած դուրս գալ միայն ու միայն այն դեպքում, եթե դրսևորենք դժվարին պահերին համախմբված, միասնական ու համերաշխ լինելու մեր բացառիկ հատկանիշը:

Եկեք օգնենք միմյանց, լինենք պատասխանատու և կարգապահ։ Մնացեք տանը, հետևեք հիգիենայի կանոններին: Եթե ունեք հիվանդության ախտանշաններ՝ բարձր ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն, անմիջապես դիմեք ձեր բժշկին: Համոզված եմ, որ միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»,- ասել է Ավինյանը։

Հայաստանում ապրիլի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 881 է, արձանագրվել է մահվան 9 դեպք: Թեստերից 4571-ը բացասական արդյունք է տվել: Ապրիլի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 27-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 114: Այս պահին փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ: