Foto

Փաշինյանն ակամա ստանձնում է իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը

Երեկ վարչապետ Փաշինյանը գրեթե երեքուկես ժամ պատասխանում էր քաղաքացիների առցանց հարցերին: Խոստովանեմ՝՝ ամբողջությամբ լսել եմ հարցուպատասխանը, քանզի սպասում էի, իմ կարծիքով, ամենագլխավոր պատասխանին՝ այսքան ծանր իրավիճակում մեր կառավարությունը կամ անձամբ վարչապետը երկրում քաղաքական համերաշխության ի՞նչ եզրեր է տեսնում, պատրաստվո՞ւմ է քաղաքական և տնտեսական լայն կոնսոլիդացիայի միջոցով երկիրը դուրս բերել արտակարգ դրության այս վիճակից և սպառնացող տնտեսական ցնցումներից:

Ցավոք՝ վարչապետը դեռևս պահում է «նախկինների դեմ մարտնչողի» կեցվածքը: Այն լուծամներն ու ճանապարհները, որ թվարկում էր Նիկոլ Փաշինյանը ճգնաժամը և սոցիալական ծանր կացությունը հաղթահարելու համար, ամեն օր հնչում են: Վարաչպետը փորձում էր տպավորություն ստեղծել, թե այս կառավարությունն ամենազորեղն է, իսկ խորհրդարանն՝ ամենաիմաստունը: Իրականությում քաղաքացիներն իրենց հարցերով ցույց տվեցին, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները չեն հասնում հասցեատերերին, իսկ թվերն ու վիճակագրությունը փոր չեն կշտացնում:

Փաշինյանը կամ չի հասկանում այդ հարցերի ենթատեքստը, կամ միտումնավոր նեգափոխում է իրականությունը: Մարդիկ դա տեսնում են գնապիտակների վրա, բանկերի հերթերում և իրենց սառնարաններում: Նրանք հասկացել են, որ «նախկիններից» բոլոր հնարավոր միջոցներով «քերված» չնչին փողերն իրենց չեն հասնելու, այլ բացառապես վիճակագրության և պարգևավճարների համար են: Քաղաքացիներին չեն հուզում «ոտքի վրա» կատարված թվաբանական մանիպուլյացիաները: Նրանք պատրաստ են զրկանքների ու սահմանափակումների, միայն թե օր առաջ դուրս գան այս իրավիճակից, բայց էլի լսեցին դատական համակարգի անկատարության, գույքի բռնագանձման և «աննախադեպ» թվաբանութունների մասին: Ոչ մի խոսք կամ ակնարկ, որ կառավարությունը պատրաստ է, բաց է համագործակցության համար: Դեռ մի բան էլ՝ ծաղր ու քամահրանք կա վարչապետի խոսքերում: Մեր իշխանությունները դեռ չեն գիտակցում, որ այս կադրայինքաղաքականությամբ և «մեր դեմ խաղ չկա» լոզունգներով ոչ մի իրական դրական արդյունք չեն գրանցելու: Այսօր ամբողջ աշխարհը գնում է լայն կոնսոլիդացիայի, իսկ մեր մոտ դեռ օրակարգային են ասֆալտին փռելու մեթոդները և մղումները:

Հասարակական համերաշխության, բոլոր քաղաքական խմբերի օգնության կարևորությունն անտեսելով՝ վարչապետը փշալարերով ինքնամեկուսանում է և ակամա ստանձնում իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը: 

Հեղինակ: Eduard Saribekyan