Foto

Տավուշում գրանցվել է կորոնավիրուսով 5 հիվանդ

«Տավուշի մարզում այս պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 5 դեպք, բոլորը գտնվում են համապատասխան բժշկական հաստատություններում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ 

Նա կարծում է, որ նրանք այնպիսի վիճակում են, որ մեծ ռիսկեր չկան, անպայման կվերադառնան նորմալ կյանքի սահմանված ժամկետում, որևէ մեկը ռիսկային տարիքում չէ, որևէ մեկի մոտ խիստ սիմպտոմներ չկան։ 

Նա նշեց, որ որևէ նոր աղբյուր չկա. բոլոր դեպքերը փոխկապակցված են նախկինում հայտնաբերված դեպքերի հետ: 

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Չոբանյանը հայտնել էր մարզում գրանցված կորոնավիրուսի երկու դեպքի մասին. առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես, երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ 

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսի հիվանդության հաստատված 822 դեպք։