Foto

Արա Աբրահամյանի բարեգործական ճաշարանն իր շահառուներին սպասարկում է տներում

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հովանավորությամբ գործող «Արշավիր և Պայծառ» բարեգործական հիմնադրամը տարիներ շարունակ Երևանի Արաբկիր համայնքում կազմակերպում է կարիքավոր քաղաքացիների բարեգործական ճաշարան, որտեղ ամեն օր սնվում է շուրջ 200 մարդ:

«Արշավիր և Պայծառ» բարեգործական հիմնադրամի ճաշարանի տնօրեն Բագրատ Ասատրյանը Vesti.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մարտ ամսի սկզբից անցել են իրենց շահառուներին բնակության հասցեում սպասարկելու աշխատելաձևին: Շուրջ 200 հասցեով ճաշարանը հիգիենիկ փաթեթներով կարիքավորներին է հասցնում հաց, ձավարեղեն, բանջարեղեն, մսեղեն և առաջին անհրաժեշտության այլ սննդամթերք, որպեսզի մարդիկ, որոնք բացառապես տարիքավորներ են, չգան ճաշարան և չենթարկվեն հնարավոր վտանգների: Բագրատ Ասատրյանը նաև նշեց, որ սննդամթերքի առաքումը նախատեսվում է շարունակել մինչև մայիս ամիսը, իսկ եթե հարկ լինի, նաև հետո: Տնօրենը ափսոսանք հայտնեց, որ սանիտարահիգիենիկ պայմանների և պարետի կողմից սահմանած կանոնների պատճառով չեն կարող նախկինի պես տաք կերակուր տալ իրենց շահառուներին, բայց հույս հայտնեց, որ համաճարակային իրավիճակը երկար չի տևի և իրենց ճաշարանը կրկին կանցնի բնականոն աշխատանքին:

Vesti.am