Foto

Պարետը գիտի՞, որ երբեմն հասարակ պտուտակը անտոկոս վարկից կարևոր է

Արտակարգ դրության խստացումների պատճառով գրեթե մեկ շաբաթ է, ինչ հանրապետության տարածքում փակվել են բազմաթիվ ձեռնարկություններ և ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների խանութներ: Մասնավորապես խոսքը գնում է տնտեսական ապրանքների խանութների մասին: Կառավարությունը տնտեսության աջակցության ծրագրերի շրջանակներում շեշտադրում է կատարում գյուղատնտեսության վրա: Մարդիկ առանց այդ էլ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների այս ամենաակտիվ փուլում դաշտերից տուն չեն գալիս, որպեսզի չվտանգեն իրենց ընտանիքների և երկրի պարենային անվտանգությունը: Սակայն պարետի կողմից սահմանված սահմանափակումների պատճառով ֆերմերները դժվար կացության մեջ են հայտնվել: Գյուղի հետ առընչված յուրաքանչյուր մարդ գիտի, որ ձմեռային պարապուրդից հետո գյուղտեխնիկան վերանորոգման, սեզոնային սպասարկման կարիք ունի: Եթե ավտոպահեստամասերի համար կարելի է դիմել մասնագիտացված խանութների կամ դրանց օնլայն ծառայություններին, ապա խիստ սպեցիֆիկ տեխնիկայի՝ պոմպերի, թունաքիմիկատների սրսկման գործիքների, հնձիչների և այլնի համար օգտվում եմ բացառապես տնտեսական խանութներից: Ցավալի է, բայց այդ ագրեգատների ու գործիքների պահեստամասերը օնլայն պատվիրելու հնարավորություն, այն էլ գյուղական բնակավայրերում, չունեն: Դա ոչ միայն համապատասխան հնարավորությունների և հմտությունների բացակայության պատճառով է, այլև այն, որ մարդիկ հաճախ որևէ հանգույց նորոգելու համար այն ուղղակի տանում են խանութ, այնտեղ համապատասխան խորհրդատվություն ստանալու և պահեստամաս գտնելու համար: Մասնավորապես երեկ ինձ մի ֆերմեր էր զանգել և պատմում էր, որ մոտ 130000 դրամի սածիլ է գնել և, քանի որ դեռ ոռոգման ջուր չունի (սեզոնը չի), պետք է պոմպով ջրեր: Հակառակի պես՝ պոմպը փչացել է և սածիլների մեծ մասը մնացել է անջուր ու չորացել: Միայն մի փոքր մասն է կարողացել այլ, ավելի թանկ միջոցով ջրել: Կապնվեցի նաև մի տնտեսական խանութի հետ, որտեղ ինձ այլ դեպքեր էլ նկարագրեցին: Մեկը գալիս է փական (վինտիլ) գնելու, մյուսը սովորական ռետինե խողովակի կարիք ունի, մյուսը՝ մետաղալարի (խաղողի այգիների համար), նույնիսկ մեխ ու պտուտակ չեն կարողանում գնել, իսկ 5 հատիկ էլեկտրոդ ոչ մի օնլայն խանութ չի առաքի: Դեռ չեմ գրում այն վնասների մասին, որ կրում են այդ խանութները, քանի որ նրանց առևտրի հիմնական մասը հենց այս սեզոնին է լինում: 

Ի դեպ նույն ջրի փականի կամ ծորակի կարիք քաղաքներում էլ կա, բայց գյուղերում յուրաքանչյուր օրն ու ժամը հիմա որոշիչ է: Սածիլները հասունացել են, վերատնկել է պետք, այգիները արդեն քիմիական մշակման են ենթարկում, վար ու ցանք են անում և մեքենաագրեգատները սպասարկել ու նորոգել է պետք: Ինչպե՞ս է ստացվում, որ պարետը թույլատրում է թունաքիմիկատների, սերմերի ու տնկիների, պոլիէթիլենային թաղանթների վաճառքը, իսկ տնտեսական խանութները փակում է: Եթե գյուղատնտեսության նախարարություն ունենայինք, գուցե հուշեին, որ սերմը ցանելուց առաջ հողը վարել է պետք, ցանելուց հետո ջրել ու խնամել է պետք, իսկ մենք վաղուց արդեն քարե դարում չենք: Որքան էլ կառավարությունը վարկեր խոստանա ֆերմերներին, գործը հիմա պետք է անել: Գարնան օրը տարի է կերակրում, իսկ մի հասարակ պտուտակի պատճառով այդ օրը կորցնում ենք: