Foto

Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Այդ մասին այսօր հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ նիստին քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը։

Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրեց, որ մայիսի 25-ին Չինաստանի արտգործնախարարը կայցելի Հայաստան։ Այցի շրջանակներում նախատեսված են երկու միջազգային պայմանագրի և մեկ միջազգային պայմանագիր չհանդիսացող պայմանագրի ստորագրություն։

Ըստ Նաղդալյանի, մայիսի վերջին տարածաշրջանային այց կկատարեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ «Սրա մասին հավելյալ կտեղեկացնենք», - ասաց ԱԳՆ խոսնակը` նշելով, որ համանախագահները կլինեն Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում։

Նա նաև տեղեկացրեց, որ հունիսին Բրյուսելում կայանալու է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը, որը վարելու են Զոհրաբ Մնացականյանն ու Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին։