Foto

Փախուստ՝ Հայաստանից. նոր թվեր են ի հայտ եկել

Պայմանավորված ՀՀ-ի ու ԵՄ երկրների միջև վիզաների գործող ռեժիմի  ապագա փոփոխության հետ՝ հետզհետե է՛լ ավելի կարևոր նշանակություն է սկսում ձեռք բերել Հայաստանից ԵՄ գնացած անօրինական միգրանտների հարցը:

Ինչպես ցույց է տալիս պաշտոնական վիճակագրությունը, հայաստանցի անօրինական միգարանտների նկատմամբ ԵՄ համապատասխան վերաբերմունքը տարեցտարի  է՛լ ավելի  է կարծրանում. անցած տարի ԵՄ երկրներից ստացվել է 869 ռեադմիսիոն հայց՝ 1743 անձանց համար մի պարագայում, երբ 2016-ին եղել է 230 հայց՝ 449 անձի համար, 2015-ին` 110 հայց՝ 220 անձի համար, 2014-ին եղել է 68 հայց՝ 166 անձի համար: Ընդ որում՝ հետաքրքրական է նաև այն, որ, ինչպես նշում են եվրոպացիները, էապես աճել է նաև նրանց թիվն, ովքեր թեպետ եվրոպական երկրներ են մեկնում միանգամայն օրինական հիմունքներով, սակայն ԵՄ երկրներ հասնելուն պես դիմում են իշխանություններին՝ ապաստան ստանալու խնդրանքով: Հիմա եվրոպացիները փորձում են պարզել, թե հատկապես ինչո՞վ է պայմանավորված անբիծ կենսագրություն ու կարգավիճակ ունեցող հայաստանցիների այսօրինակ վարքը՝ սեփական հայրենքից հրաժարվելու, օտար պետություններում ապաստան գտնելու ցանկությունը:

Ինչի՞ մասին կարող են վկայել այս թվերը: Բնականաբար, մեկ բանի՝ այն գործոնները, որոնք նպաստում են հայ մարդու մոտ սեփական հայրենիքից արտագաղթելու ցանկության սրացմանը, վերջին տարիներին, ըստ էության, միայն ավելանում են: Հայաստանն այլևս դադարում է շատերի համար որպես ապրելու համար պիտանի երկիր դիտարկվել: Ընդ որում՝ չափազանց մտահոգիչ է հատկապես եվրոպացիների համար գրեթե առեղծվածային դարձած համապատասխան ցուցանիշը. այդպես էլ Արևմուտքում չեն կարողանում պարզել, թե ի՞նչը կարող է ստիպել կայացած մեկին բռնել Հայաստանից արտագաղթելու ուղին: Սրա պատասխանն, ի գիտություն նույն եվրոպացիների, մեկն է՝ նույնիսկ «հողի վրա ամուր կանգնածները» այլևս Հայաստանի հետ հույսեր չեն կապում, ինչը, թերևս, վկայում է Հայաստանի անհեռանկարայնության մասին, որ կարող է իսկական դատավճռի վերածվել բոլորիս համար:

Հստակ է մեկ բան՝ Հայաստանից արտագաղթը ոչ միայն շարունակվում է, այլև հետզհետե ձեռք է բերում ահագնացող տեմպեր: Ռեադմիսիոն հայցերի շեշտակի աճը պայմանավորված է ոչ միայն տվյալ հարցում ԵՄ իշխանությունների խստապահանջությամբ, այլև, ըստ էության,  մեծացող արտագաղթով. այն արտագաղթի իրական տեմպերի յուրատեսակ ցուցիչ կարելի է համարել: Ընդ որում՝ կարևոր է նաև հասկանալ, որ վիզաների ազատականացման պարագայում, ու ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման դեպքում Հայաստանից փախչել ցանկացողների թիվը միայն մեծանալու է, ինչն, անկասկած, կարող է հանգեցնել մեզանում դեմոգրաֆիական ճգնաժամ առաջացնող գործոններից կարևորագույնի հզորացմանը: Այդուհանդերձ նույն եվրոպացիները լիահույս են, որ վիազների ազատականացումը կօգնի իրենց՝ է՛լ ավելի մեծ արդյունավետությամբ վերահսկելու իրավիճակն ու հնարավորինս բացառել չարաշահումները. անօրինական արտագաղթը փորձելու են ամեն գնով բացառել:

Հրանտ Դալլաքյան