Foto

Իրանը «սրում է ատամները». նոր ու անկանխատեսելի իրավիճակ

Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում իրանագիտության դասասենյակի բացումից հետո Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հենց «ոտքի վրա» բավական հետաքրքրիր հայտարարություններով է հանդես եկել, որոնք բավական ընդգրկուն են՝ տարածաշրջանային անվտանգության հարցերից մինչև էներգետիկ ոլորտ:

Ի՞նչ է ասել դեսպանը և հատկապես ո՞ւմ: Առերևույթ նրա խոսքը թեպետ ուղղված էր Երևանին, սակայն դրանում հստակ ակնարկներ կային՝ ուղղված նախևառաջ արտաքին աշխարհին՝ պայմանավորված այն զգայուն իրավիճակով, որ այսօր ստեղծվել է Մերձավոր Արևելքում ոչ միայն Սիրիայի շուրջ, այլև հենց Իրանի:

Նա նախ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է գործարկել Իրան-Հայաստան երկաթգիծը, իսկ Հայաստանն էլ պետք է ներդրողին ներկայացնի: Այնուհետև Հյուսիս-հարավ մայրուղու վերաբերյալ կոչ արել Երևանին առաջ գալ, ինչին ի պատասխան իրենք հաջորդ քայլն անպայման կանեն: Մեղրու հիդրոէլեկտրակայանի վերաբերյալ էլ դեսպանը հայտարարել է, թե  ստեղծված իրավիճակի մեղավորներն ընկերություններն են, իսկ Կառավարությունը մեղք չունի՝ իրականում միջնորդավորված կեպով մեղադրելով նույն Կառավարությանը: Այնուհետև հանդես է եկել գրեթե ցնցող հայտարարությամբ ու հավաստիացրել, թե  Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին: Պակաս ուշագրավ չի ստացվել Երևանին ուղղված կոչը՝ էներգետիկ ոլորտում աշխուժանալու ու այդպիսով նպաստելու երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Իսկ ահա անդրադառնալով երկկողմ քաղաքական հարաբերությւուններին՝ Իրանը սեփական դեսպանի շուրթերով հավաստիացրել է, որ թույլ չի տա այլ երկրներին ոտնձգություն կատարել ու խարխլել երկու երկրների հարաբերությունները: Հայաստաան-ԵԱՏՄ-Իրան համագործակցության մասով էլ բարձրաստիճան դիվանագետն ասել է, թե իրենք որևիցե շոշափելի բան չեն նկատել՝ կոչ անելով նկատած լինելու դեպքում իրենց տեղեկացնել այդ մասին:

«Մուննաթ»՝ ահա այն ճիշտ բառը, որը լավագույնս է բնորոշում Իրանի դեսպանի հարցազրույցի էությունը: Հարցն այն է, սակայն, թե հատկապես ում է ուղղված այն՝ Հայաստանի՞ն, թե՞ Հայաստանի միջոցով ուրիշներին: Եթե անկեղծ՝ ապա տպավորություն է, որ  «մուննաթի տակ» հայտնվել ենք ինչպես  մենք, այպես էլ ՌԴ-ն ու Իսրայելը, բայց եթե մյուսների պարագայում այդ «մուննաթը»  միգուցե արդարացի է, ապա հարց է մնում այն, թե մեր մեղքն այստեղ որն է:

Նախ՝ Իրան-Հայաստան երկաթգծի գործարկման պատրաստակամության մասին Իրանի հայտարարությունն ու կոչը՝ Երևանին ներդրողներ ներկայցնելու, ակնհայտորեն լիարժեքորեն անկեղծ չես համարի. օրերս գործարկված Իրան-Ադրբեջան երկաթգծի ֆոնին Իրան-Հայաստան երկաթուղու գործարկումն Իրանի համար բացարձակապես երկրորդական հարցի է վերածվել՝ առնվազը տնտեսական շահավետության տեսանկյունից: Ավելին՝ եթե կուզեք՝ Իրանի կոչը Հայաստանին՝ ներդրողներ գտնելու վերաբերյալ մի նվազ փորձ է՝ արդարացնելու Իրան-Ադրբեջան ակտիվացող համագործակցությունը հատկապես կոմունիկացիոն հարցերում: Ցավալի է, բայց փաստ, որ այսօր նույն ԵԱՏՄ-ի հետ Իրանին ավելի շատ ու ավելի շուտ կապում է Ադրբեջանը, չհանդիսանալով այդ կառույցի անդամ, քան մենք, ինչը, թերևս, պայմանավորված է   նաև սուբյեկտիվ գործոններով՝ մեր կողմից: Այս նույն դիտակետից պետք է նայել նաև «Հյուսիս-հարավին» վերաբերող հարցին, որն, ըստ էության, նույն երկաթուղու գաղափարական շարունակությունն է: Իրանը բացահայտորեն մեղադրեց Հայաստանին հապաղելու մեջ՝ այդպիսով ողջ մեղքը բարդելով Երևանի վրա: Իրանը Հայաստանին մեղադրեց փաստացի մեկուսացվածության մեջ՝ առանց հնարավորություն տալու արդարանալու (դեսպանը կանխարգելում է հնարավոր մեղադրանքներն՝ Իրանի հասցեին՝ կապված Բաքվի հետ խորացող տնտեսական փոխգործակցության հարցի հետ, ինչի արդյունքում խորանում է Հայաստանի մեկուսացվածությունը տարածաշրջանում):

Ինչ վերաբերում է էներգետիկ փոխգործակցությանը, ապա այստեղ նույնպես դեսպանի դիրքորոշումը հստակ է՝ մեղավորը բոլոր դեպքերում կրկին մենք ենք՝ անկախ արտաքին գործոններից: Մի կողմից մեղավոր են մասնավոր ընկերոյթյունները, որոնց մեղքով է, որ Մեղրու հիդրոէլեկտրակայանի շուրջ պրոցես տեղի չի ունենում, մյուս կողմից կրկին Երևանն է մեղավոր, որ  բավարար ողնաշար չունի՝ օգտվելու Իրանի շահավետ առաջարկից՝  էժան գնով գազ գնելու: Ակնհայտորեն Իրանն ինչ-որ բան է ակնարկում Երևանին, իսկ թե ինչ, մեկնաբանել կարելի է տարբեր կերպ: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Իրանն ակնարկում է Երևանի՝ Մոսկվայից ունեցած կախյալ վիճակն ու ոչ բավարար կամքը՝ իրավիճակ փոխելու, դառնալու ինքնուրույն խաղացող գոնե այն հարցերում, որոնք անմիջականորեն վերաբերում են մեզ:

Հայ–իրանական միջպետական հարաբերությունների մասով էլ դեսպանի «հաթաթան»՝ օտարներին, թե իրենք թույլ չեն տա փչացնել երկկողմ հարաբերությունները,  հարկավոր է ընկալել ճիշտ հակառակ իմաստով. սա կոչ է Երևանին՝ թույլ չտալ երրորդ երկրներին սեպ խրել Իրան-Հայաստան հարաբերություններում, ինչը մի կողմից խոսում է այն մասին, որ այդպիսի երկրներ իրապես կան (խոսքը նախևառաջ Իսրայելի մասին է), ապա վկայում է այս հարցում Իրանի խիստ զգայուն վերաբեմունքի մասին: Հայաստանն, ըստ էության, խոշորացույցի տակ է առնված, ու Իրանն ուշիուշով հետևում է Երևանի քայլերին՝ հատկապես Իսրայելի հետ կապված:

Գլխավոր հարցը թերևս, այն է, թե որքանով են Իրանի կողմից որոշ հարցերում Երևանին ուղղված մեղադրանքներն արդարացի: Որքան էլ ցավալի է, փաստ է, սակայն, որ մի շարք հարցերում հայկական կողմի թերացումն իսկապես տեսանելի է: Խոսքը հատկապես «Հյուսիս-հարավի» մասին է, ինչպես նաև բավարար կամք չցուցաբերելու Իրանի հետ հարաբերությունները մինչև վերջ զարգացնելու ուղղությամբ: Ճիշտ է վերջին խնդրում Իրանի մեղքը միգուցե ավելի շատ է, սակայն Հայաստանը նույնպես չի փայլում իր նախաձռնողականությամբ: Իհարկե հանուն արդարության պետք է նշել նաև, որ հայ-իրանական հարաբերությունների խորությունը մեծապես պայմաավորված է նաև Իրան-ՌԴ հարաբերությունների բնույթով, ու շատ դեպքերում ոչ միայն մենք, այլև նույն  Իրանն է երկկողմ հարաբերությունները դիտարկում Թեհրան-Մոսկվա պրիզմայով, ինչը, թերևս, հասկանալի է, քանի որ նույն Սիրիայում այժմ ստեղծված խիստ բարդ ու հակասական իրավիճակն ստիպում է Իրանին որոշակի զիջումների գնալ տարածաշրջանային քաղաքականության հարցերում՝ Անդրկովկասում առաջնայնությունը զիջելով Մոսկվային: Իրանի այսօրինակ վրդովմունքը պետք է պայմանավորել նաև Իրան-Ռուսաստան հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ոչ այնքան միանշանակ իրավիճակով: Ավելին՝ եթե կուզեք՝ դեսպանի հարցազրույցի հիմնական հասցեատերը ոչ այնքան Երևանն  է, որի ձեռքում, եկեք անկեղծ լինենք, քիչ բան կա, որքան հենց Ռուսաստանը: Թեհրանն ահազանգում է Մոսկվային, թե  վերջինիս կողմից Սիրիայում անկանխատեսելի պահվածքի պարագայում Իրանը կարող է յուրատեսակ հակաքայլ կատարել Անդրկովկասում ու տարածել սեփական ազդեցությունն ի հակակշիռ նույն ռուսականի՝ մի բան, որն առանց Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնման ու համապատասխան պրոյեկտների ակտիվ իրականացման անհնար է լինելու:

Ամփոփելով՝ առանձնացնենք այն հիմնական ուղերձները, որոնք պարունակվում են դեսպանի հարցազրույցում. կոչ Հայաստանին՝ անկանխատեսելի սիրախաղի մեջ չմտնելու Իսրայելի հետ, կոչ՝ Ռուսաստանին՝ կանխատեսելի գտնվելու մերձավոր Արևելքում, ազդարարում՝ աշխարհին, որ Իրանը թույլ չի տա սեփական շահերի ոտնահարում այն տարածաշրջաններում, որոնք անմիջականորեն դիտարկում է որպես սեփական անվտանգության բարձիկներ:

Իրանը կպայքարի մինչև վերջ՝ շատերի համար անկանխատեսելի մեթոդներով ու հետևանքներով:

Էռնեստ Ջանփոլադյան