Foto

Վազգեն Մանուկյանի աշխատանքային պայմանները բարելավվում են. իմա՞ստը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հանրային խորհրդի մասին» օրինագիծը: Ասում են, թե համապատասխան օրենք ունենալու անհրաժեշտություն են առաջ բերում սահմանադրական կարգավորումները:

Սահմանադրությունը՝ Սահմանդրություն, սակայն հարցը, թե որքանով կարելի է սույն կառույցի գոյությունն առհասարակ պատճառաբանված համարել մեզ քաջածանոթ հայ իրականության պայմաններում, շարունակում է օդից կախված մնալ: Ճիշտ է՝ դիցուք Վազգեն Մանուկյանը յուր կառույցի ոչ ազդեցիկ լինելն իր վերջին հարցազրույցում փորձել է բացատրել հանրային խորհրդի խորհդրատվական բնույթով, սակայն, միանշանակ է, որ եթե ինչ-որ կառույց հայտ է ներկայացնում՝ դերակատարություն ունենալ պետության, հասարակության կյանքում, ապա պարտավոր է ի սկզբանե սեփական գոյությունն արդարացնող ինչ-որ շոշափելի հիմնավորում ներկայացնել: Եվ ուրեմն՝ ո՞րն է տասնյակ մարդկանց իրար գլուխ հավաքելու բուն իմաստն ու նպատակը, եթե կառույցի հետ ոչ ոք գործնականում հաշվի չի նպաստում համենայնդեպս, այնպիսի հարցերում, որոնք հասարակությանը հուզող են, որոնց կարևորությունը դժվար է թերագնահատել: Ամենավառ օրինակ կարելի է համարել պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբեյալ կառույցի որդեգրած դիրքորոշումն ու ժամանակին ներկայացրած բազմաթիվ առաջարկները, որոնք, սակայն, այդպես էլ անպատասխան էին մնացել՝ չնայած որոշ դեպքերում, ինչպես օրինակ ալյուրի հարստաց­ման պարագայում, կառույցի հետ հաշվի էին նստել: Ստացվում է բավական հակասական, բայց կանխատեսելի մի իրավիճակ: Հանրային խորհուրդն այսօր իշխանությունների ձեռքին յուրատեսակ գործիք է՝ սեփական ծրագրերն առաջ տանելու ճանապարհին հավելյալ դրական ֆոն ապահովելու, ժողովրդավարության իմիտացիա ստեղծելու համար, և որևիցե ռեալ հակակշռի մասին խոսք լինել ընդհանրապես չի կարող: Գործ ունենք կլասիկ բուտաֆորիայի հետ, որի ծառայությունները, սակայն, ժամանակ առ ժամանակ նույն իշխանություններին կարող են և պետք գալ:

Վազգեն Մանուկյանն, իհարկե, սեփական կառույցի գոյությունը փորձում է հիմնավորել աշխարհի 70 եկրի օրինակով, նույնիսկ Ֆրանսիային մեջտեղ բերելով, սակայն հարցն այստեղ այն է, թե արդյոք որևիցե զուգահե կարո՞ղ է լինել մեր ու նույն Ֆրանսիայի համապատասխան կառույցների միջև: Տեսնես Ֆրանսիայում է՞լ է Հանրային խորհուրդն իշխանությունների «դուդուկի տակ տրնգի պարող» բուտաֆորիկ մի կառույց, թե՞, այնուամենանիվ, ֆրանսիականի գործառույթը բոլորովին այլ է՝ համապատասխանող ժողովրդավարության բոլոր հիմնական սկզբունքներին:

Ա՛յ սրա մասին է պետք մտածել՝ օրենք ընդունելուց կամ եղածը սրբագրելուց առաջ:

Հրանտ Դալլաքյան