Foto

Հրազդան գետի ջրի հարցը լուծվեց, ծածկադմփո՞ց, թե՞…

Պարզվում է, որ Հայաստանի ամենաաղտոտված գետերից մեկը համարվող Հրազդանի ջուրը լաբորատոր հետազոտությունների արդյունքներով որակական ոչ մի փոփոխության չի ենթարկվել: Հրազդան գետի ջրի լաբորատոր փորձաքննության պատճառ էր հանդիսացել ֆեյսբուքյան օգտատեր Վահե Ավետիսի գրառումն այն մասին, որ Հրազդան գետում կասկածելի զանգված է թափվում: Ըստ այդմ, տեղանքում մասնավորապես ծծմբահոտ է տարածվել:

Հատկանշական է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչությունն օգտատիրոջ հրապարակումից հետո այցելել է դեպքի վայր, կազմել արձանագրություն: Ուշադրություն դարձրեք՝ հետո: Բայց գետերը մի առանձնահատկություն ունեն, դրանք հոսում են ու ամենևին էլ չի բացառվում, որ նույն տեղից վերցված փորձանմուշները ցանկալի արդյունքներ չտային: Առավել տրամաբանական կլիներ, որ տեսչության աշխատակիցները որոշակի ժամանակահատված հերթապահություն սահմանեին և փորձանմուշներ վերցնեին տարբեր տեղերից ու տարբեր օրերի: Համենայնդեպս, այդպիսի գործողությունների մասին տեսչությունը չի հաղորդում: Սա արդեն կասկած է հարուցում, որ տեսչական և հետազոտական աշխատանքները պատշաճ չեն կատարվել, իսկ դրանց արդյունքներն էլ արժանահավատ չեն:

Եթե լավատես լինենք, և մտածենք, որ իսկապես նմուշառումները կատարվել են տարբեր օրերի ու տարբեր տեղերից, ապա նույնիսկ այս դեպքում հետազոտությունների արդյունքները հավատ չեն ներշնչում: Այսուհանդերձ շատ բարձրագոչ չի հնչում, որ Հրազդան գետի ջուրը որակական ոչ մի փոփոխության չի ենթարկվել: Այո, այս գետն այնքան աղտոտված է, որ արդեն դժվար է դրա ջրի բաղադրության մեջ որևէ փոփոխություն հայտնաբերելը:

Ավելի հավանական է, որ խնդիրը պարզապես կոծկվել է՝ ինչպե՞ս, դեռ թարմ է մեզի և թեյի հետազոտության պատմությունը, երբ Մասիսի հիվանդանոցի լաբորատորիայի «շփոթված» աշխատակիցները թեյը չէին «տարբերակել» մեզից:

Ստացվում է, որ կա՛մ լաբորատոր փորձաքննությունը հրաշքով «պարզաջրեց» Հրազդանի կեղտոտ ջուրը, կա՛մ էլ պատշաճ հետազոտություն ուղղակի չի կատարվել:

 Սաթենիկ Թովմասյան

Vesti.am