Foto

ՀՀԿ՝ «forever». հավերժի ճամփորդը

Ռեյտինգային ընտրակարգի վերացման առաջարկի շուրջ, որն, ինչպես հայտնի է, շարունակաբար հնչում է ոչ միայն խորհրդարանական ընդդիմության, այլև նույնիսկ իշխանության մասնիկ հանդիսացող ՀՅԴ-ի կողմից, կարկառուն ՀՀԿ-ականները շարունակում են մտորել ու հանրության առաջ շաղ տալ սեփական մտքի գոհարները:

Այս անգամ էլ, պարզվում է, Սամվել Նիկոյանն է, սազը ձեռքին, շտապել փառաբանել յուր սնանկությունն ապացուցած ընտրակարգն ու հայտարարել, թե ռեյտինգային համակարգը մեծ ներուժ ունեցող համակարգ է, որը կարող է միանգամայն արդյունավետորեն գործել հայ իրականության պայմաններում:

Թե հատկապես ինչն է ստիպում Նիկոյանին մտածել հենց նման կերպ, պարզ է. նա էլ իր համակուսակից Դավիթ Հարությունյանի պես փորձում է հանդես գալ մեծ քաղաքական տեսաբանի դերում ու առնվազը թեորեապես ապացուցել իշխանությունների մոգոնած հերթական «ֆինտուֆլյուշկայի» «տրամաբանված» լինելը՝ համարելով այս ընտրակարգի՝ Հայաստան ներմուծումը որպես մեր երկրի՝  վերջին ժամանակներում դեպի ժողովրդավարություն կատարած մեծագույն քայլ, ավելին զոհողություն՝ Հանրապետականի կողմից, որի արդյունքում  մեծ տեղ է հատկացվել այս կամ այն թեկնածուի ճանաչելիության գործոնին, ինչի շնորհիվ գրեթե բացառվում է հանրությանը ոչ հայտնի դեմքերի ներթափանցումը Ազգային ժողովի նիստերի դահլիճ:

Ինչ խոսք՝ Հայաստանն աշխարհի միակ երկիրը չէ, ուր գործում է «ռեյտինգային» կոչվող ընտրակարգը, և սույն մոդելը, հանուն արդարության ասենք, հասցրել է մի շարք երկրների պարագայում իրեն արդարացնել: Ողջ խնդիրը, սակայն, այն է, որ Նիկոյանը, փորձելով հիմնավորել սեփական թեզը, մոռանում է, որ ոչ միշտ է միջազգային այս կամ այն փորձը հաջող կիրառություն գտնում Հայաստանի պես երկրում. ՀՀԿ-ն կարողանում է անել ամեն ինչ՝ մարդկության կուտակած նույնիսկ դրական փորձը հարամելու, այն փչացնելու: Ակնհայտ է, որ եթե Սամվել Նիկոյանը, Դավիթ Հարությունյանն ու նրանց համախոհները ճիշտ լինեին, ապա վերջին խորհրդարանական ընտրություններն իրենց որակով ու էությամբ գոնե ինչ-որ կերպ շահեկանորեն կտարբերվեին բոլոր նախորդներից: Այնինչ, ճիշտ հակառակը, դրանք եթե տարբերվել էլ են, ապա տարբերվել են բացառապես բացասական իմաստով՝ տեղիք տալով ավելորդ գժտությունների, խլրտումնրեի և այլն:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են իշխանություններն ամեն գնով փորձում  վերջնականապես արմատավորել ռեյտինգային ընտրակարգը Հայաստանում: Պատասխանը, թերևս, ակնհայտ է. դրա փիլիսոփայությունը լիովին բխում է կառավարման այն տրամաբանությունից, որն արդեն բավական տևական ժամանակ է՝ հաստատվել է երկրում, ու որը լավագույնս ձևակերպված է հռոմեական հայտնի ասույթում՝ «Բաժանի՛ր, որ տիրես»: Ռեյտինգային ընտրակարգը փայլուն գործիք է հակակշիռների միջոցով կառավարում իրականցնելու համար, հարկ եղած դեպքում միմյանց դեմ դուրս բերելու անհատների, որոնք հայաստանյան քաղաքական արևի տակ իրենց տեղը գտնելու համար ստիպված են լինելու միմյանց «կոկորդ կրծել» ու ապացուցել սեփական օգտավետությունը մայր Հանրապետականին:  Ահա թե որն է Սամվել Նիկոյանի ու մնացյալի ներշնչման իրական աղբյուրը. ՀՀԿ-ն փորձում են հավերժի կուսակցություն դարձնել՝ դարերի խորքից եկող հավերժի ճամփորդ…

Հրանտ Դալլաքյան