Foto

Նոր իրավիճակ Անդրկովկասում. Հայաստանի բացառիկ շանսը

Անդրկովկասում շուտով կարող է ռեալ իրավիճակ փոխվել. Վրաստանը պայմանագիր է կնքել Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերության հետ, որը ենթադրում է Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքներով Ռուսաստան ապրանքների փոխադրման հնարավորություն: Սակայն այն գործելու է Կազբեգ-Վերին Լարս ավտոճանապարհին ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում: Վարչապետ Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Թուրքիան, Հայաստանն ու մյուս երկրները, որոնք օգտագործում են Վրաստանի տարանցիկ ներուժը, կարող են օգտվել այդ միջանցքից:

Մոսկվայի ու Թբիլիսիի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերությունը պետք է վերահսկի Աբխազիայի ու Հարավայի Օսիայի տարածքներով Վրաստանի ու Ռուսաստանի միջև տեղի ունեցող ապրանքաշրջանառությունը:

Միանշանակ է, որ նախագահ Սարգսյանի այցը Վրաստան հիմնականում նշանավորվելու է հենց տարածաշրջանային կոմունիկացիոն ուղիների վերաբերյալ համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, որոնց շոշափելի պտուղները քաղելու համար գուցե  որոշակի ժամանակ պահանջվի: Ի՞նչ կարող է նշանակել Վրաստանի վարչապետի հայտարարությունը Հայաստանի համար: Եթե ամեն բան ըստ պլանավորվածի ընթանա, ապա կստացվի, որ Հայաստանի համար սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվելու բոլոր առումներով` թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային. Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից տասնամյակներ տևող շրջափակումն ու ստոր քաղաքականությունը մեր երկրի հանդեպ կոմպենսացվելու է, ու Հայաստանը հնարավորություն է ստանալու հարավային Օսիայի ու Աբխազիայի միջանցքների շնորհիվ  կապ հաստատել արտաքին աշխարհի հետ, ինչը կարող է իսկական փրկօղակ դառնալ մեզ համար: Ակնհայտ է նաև, որ արտակարգ իրավիճակների մասին Վրաստանի վարչապետի հիշատակումը բնավ զուր տեղն արված հայտարարություն չէ, ու, ըստ էության, նպատակ ունի Անկարային ու Բաքվին հասկացնելու, որ պատերազմի պարագայում Վրաստանը չի լքի Հայստանին ու ոչ միայն չի փակի կյանքի ճանապարհը, այլև դրան այլընտրանք կառաջարկի: Նկատենք, որ կոմունիկացիոն ուղիների գործարկումը լիովին տեղավորվում է նաև վրացական շահերի շրջանակում: Բանն այն է, որ հարևան երկիրն ուղղակի կախվածության մեջ է այսօր թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից` պայմանավորված հատկապես երկար տարիներ տևող ռուս-վրացական հարաբերությունների բնույթով: Այսինքն` եթե մենք շատ առումներով այսօր կախված ենք Մոսկվայից, ապա Վրաստանն էլ գրեթե համանման տնտեսական կախվածություն ունի թուրքերից ու ազերիներից, ինչը, հաշվի առնելով Վրաստանի ժողովրդագրական առանձնահատկությունը, այդ երկրի ազգային անվտանգության տեսանկյունից ոչ ձեռնտու իրավիճակ է: Իրականում համապատասխան կոմունիկացիոն ուղիների գործարկումը կարող է  նոր շրջափուլի սկիզբ դառնալ հատկապես ռուս-վրացական հարաբերություններում, ու ձնհալ սկսվի, ինչը, բնականաբար, միմիայն բխում է հայկական կողմի շահերից: Եթե կուզեք՝ Վրաստանը նույնիսկ այսպիսով փորձ է անում Հայաստանի միջնորդությամբ կապեր հաստատել Ռուսաստանի հետ` շատ լավ հասկանալով, որ ներկա իրավիճակը ինչ-որ պահից սկած կարող է պայթյունավտանգ դառնալ: Այսպիսով` եթե ամեն բան ընթանա այնպես, ինչպես ակնկալվում է, Անդրկովկասում կարող է միանգամայն նոր իրավիճակ ստեղծվել, ինչը մի կողմից փաստացի դուրս կբերի Հայաստանը շրջափակումից ու կամրապնդի մեր երկրի անվտանգությունը, մյուս կողմից էապես կթուլացնի Ադրբեջանի դիրքերը. Բաքվին հասկացնում են, որ պատերազմելու որոշում կայացնելու պարագայում ստիպված է լինելու միայնակ ընդդիմանալ Հայաստանին` առանց որևէ մեկի օգնության: Սա կարող է ևս մեկ զսպիչ գործոն դառնալ տարածաշրջանում խաղաղության պահպանման համար:

Էռնեստ Ջանփոլադյան