Foto

Դավիթ Հարությունյան VS Շառլ Ազնավուր. քրեական օրենսգիրքը` «վ ստուդիու»

Ազնավուրի` «Nouvelles d’Armenie» պարբերականին տված հարցազրույցը, որն իսկական անակնկալի էր բերել իշխանություններին, քանի որ այդ հարցազրույցում Ազնավուրը բացահայտ քննադատության էր ենթարկել Հայաստանում ձևավորված վատառողջ մթնոլորտը, շարունակում է արձագանքներ գտնել այս անգամ արդեն հայաստանյան վերին շրջանակներում:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էր օրերս արձագանքել Ազնավուրի հարցազրույցին` կատարելով հակասական տպավորությունների տեղիք տվող հայտարարություն. ըստ նախարարի` Ազնավուրի հայտնի խոսքը, թե երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ, որևիցե կերպ քննադատության չի դիմանում: Ավելին` դրանում համոզվելու համար Հարությունյանը բոլորին կոչ է արել ուսումնասիրել Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հատվածն ու համոզվել, որ աշխարհահռչակ հայը, մեղմ ասած, շառ է անում. Հայստանում գողությունը լավ էլ պատժվում է`օրենքի ողջ խստությամբ: Ճիշտ է` այնուհետև փորձել է զսպել եռացող էմոցիաներն ու ընդունել շանսոնյեի խոսքերի ճշմարտացիությունը` շեշտելով դրանց պատկերավորւթյունը: Ավելին` իրեն հատուկ ոճով խոստովանել է, որ երկրի արդարադատության համակարգի վիճակով ինքը նույնպես բավարարված չէ, ու թերությունները թաքցնելը պարզապես անիմաստ կլիներ:

Այսպիսով` ի՞նչ հետևություններ պետք է կատարել Դավիթ Հարությունյանի սույն մեկնաբանությունից: Ցավոք, ընդամենը մեկ` իշխանությունները որևիցե հետևություն չեն արել Ազնավուրի խոսքերից. հակառակ պարագայում Հարությունյանը կոչ չէր անի ուսումնասիրել քրեական օրենսգիրքը (սրանում ակնհայտորեն հեգնանք կա): Սրա հետ մեկտեղ բնական հարց է առաջանում նաև` եթե Հարությունյանը նույնպես անբավարար է գնահատում արդարադատության վիճակը, այսինքն` այն ոլորտի, որի անմիջական պատասխանատուն է ինքը, ապա հատկապես ի՞նչ է անում իրավիճակը շտկելու ուղղությամբ` բացի, իհարկե, Եվրոպայից գրանտներ «կպցնելուց», որոնք, ի դեպ, պետք է նկատել, խիստ անարդյունավետ են օգտագործվում ու ոչինչ էլ չեն փոխում համակարգում` մեծամասամբ փոշիանալով ու մնալով շարքային քաղաքացիների վզին:

Երանի՜ Հայաստանն այն երկրներից լիներ, որտեղ որևիցե հեղինակության կողմից արված այս կամ այն հայտարությունն ի վիճակի լիներ ներազդել պրոցեսների վրա: Երանի՜, թե մենք այդչափ հասուն լինեինք: Ցավոք, Դավիթ Հարությունյանի` Շառլ Ազնավուրի հետ այս հեռակա լեզվակռիվը ևս մեկ անգամ փաստում է այն, որ վերևներում որևիցե ցանկություն չկա՝ փոխել երկրում արմատացած վատառողջ մթնոլորտն ու գոնե որոշ կենսական խնդիրներ կարգավորել: Հակառակ պարագայում Դավիթ Հարությունյանի համապատասխան հարցազրույցը բոլորովին այլ ժանրի կպատկաներ, իսկ դրանից ստացվող տպավորություններն էլ շատ ավելի կառուցողական կլինեին:

Ավա՜ղ…

Էռնեստ Ջանփոլադյան