Foto

Արամ Սիմոնյանին կարող են հեռացնել աշխատանքից

Արամ Սիմոնյանի գործերը վերջին շրջանում միայն շարուրնակաբար վատանում են: ԵՊՀ ռեկտորի համար տհաճ այս իրողության պատճառն այն անկառավարելի վիճակն է, որն առաջացել է մայր ԲՈւՀ-ի պատերից ներս` կապված «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների կողմից  սկիզբ դրած շարժման հետ. Սիմոնյանը կամա-ակամա հայտնվել է այս ամենի կենտրոնում` ըստ էության ի վիճակի չլինելով  կողմնորոշվել` ինչպես է պետք այս նուրբ իրավիճակում ինքնադրսևորվել:

Ինչպես հայտնի է, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության մի քանի անդամների վերաբերյալ Արամ Սիմոնյանը վերջերս հայտարարությամբ էր հանդես եկել, ուր բավական կոշտ գնահատականներ էր հնչեցրել նրանց հասցեին` ըստ էության մեղադրելով հանրահայտ «Սորոսի» հիմնադրամի հետ կապեր ունենալու, օտարերկրյա հատուկ ծառայությւնների կամակատարը հանդիսանալու մեջ: Եվ ահա այս կապակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարություն է տարածել, որտեղ խստագույնս դատապարտել է Սիմոնյանին` հնչեցրած գնահատականներում կոռեկտ չգտնվելու համար` կոչ անելով հայաստանյան իշխանություններին համապատասխան հետևություններ անել ու պատժել ԵՊՀ ռեկտորին:

Հաշվի առնելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» ազդեցության աստիճանը, կարելի է ենթադրել, որ կազմակերպության կողմից հնչեցրած ահազանգն ու համապատասխան կոչը չեն կարող անարձագանք մնալ համապատասխան օղակների կողմից: Ասվածի մասին ավելի ռեալ պատկերացում կազմելու համար ընդամենն անհրաժեշտ է վերհիշել ռուս նախարար Ուլյուկաևի հետ վերջերս տեղի ունեցած պատմությունը. նրա ձերբակալման գործում «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» դերակատարությունն ուղղակի հսկայական է, եթե չասենք` վճռորոշ: Հիշեցնենք` Ուլյուկաևը մեղադրվում էր կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված լինելու մեջ:

Այս իմաստով պետք է նկատել, որ Արամ Սիմոնյանի վիճակն առանձնապես նախանձելի չէ, ու բոլորովին էլ չի բացառվում, որ այս ողջ պատմության միակ զոհը դառնա հենց նա` հատկապես որ վաղուց է հայտնի երկար տարիներ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող այս մարդու  համբավը. շատերը նրան մեղադրում են ԲՈւՀ-ում կոռուպցիայի հիմնական աղբյուր հանդիսանալու մեջ: Սիմոնյանի գլխին կարծես կայծակնաբեր ամպեր են կուտակվում, ինչը կարող է նրա համալսարանական կարիերայի վերջի սկիզբը լինել:

Հրանտ Դալլաքյան