Foto

Աշխարհն ընդդեմ Ադրբեջանի. Ալիևին պատին են դեմ տվել

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, չնայած թվացյալ խաղաղ մթնոլորտին, երբեք չի դադարում պայթյունավտանգ լինել, ինչն էլ ստիպում է կոնֆլիկտի լուծմամբ զբաղվող գերտերություններին ժամանակ առ աժամանակ Բաքվին հիշեցնել խաղաղություն պահպանելու մասին:

ՌԴ պետդումայի պատգամավոր, ՊԴ ԱՊՀ երկրների, Եվրասիական ինտեգրացման  և համերկրացիների հետ կապերի  գործերով  հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար, ՌԴ անվտանգության խորհրդին կից գիտխորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը, ով իր հարցազրույցներում ու հայտարարարություններում հաճախ է անդրադառնում արցախյան խնդրին, բավական կտրուկ հայտարարւթյամբ է հանդես եկել` շեշտելով. «Ես Լեռնային Ղարաբաղը դիտարկում եմ որպես ինքնորոշված տարածք, և հակված չեմ մտածելու, որ այն երբևէ, որևէ հանգամանքների պայմաններում կվերադառնա Ադրբեջանի կազմ: Դա, իմ կարծիքով, դեպքերի զարգացման բացարձակ անհնար տարբերակ է»: Ավելին` երախտագիտություն է հայտնել Հայաստանին Անդրկովկասում Ռուսաստանի միակ հետևողական դաշնակիցը լինելու համար:

Սրան զուգահեռ հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԿԿ ղեկավար Զյուգանովը, ով  «Մոսկվա-Բաքվին» տված հարցազրույցում էապես կարևորել է Ռուսաստանի դերը արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում ու ընդգծել այն խաղաղությամբ լուծելու կարևորությունը:

Պետք է նկատել, որ ռուս գործիչների կողմից հնչած այս հայտարարությունները ժամանակային առումով համընկնում կամ մոտ են մի կարևոր իրադարձության հետ. Մոսկվայում, դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն, ու քննարկվել են անվտանգության ոլորտին առնչվող կարևոր հարցեր: Չտեսնել այստեղ կապ Զատուլինի ու Զյուգանովի` Ալիևին ուղղած մեսիջների ու սույն իրադարձության միջև ուղղակի անհնար է: Ըստ էության` նման հայտարարությունների համար ընտրված ժամանակահատվածի ընտրությունը հստակ ազդանշան պետք է համարել Բաքվին առ այն, որ Ռուսաստանը պատրաստ է տարածաշրջանում խաղաղության պահպանման համար անել ամեն ինչ, ու մտադիր չէ որևիցե բանի առջև կանգ առնել, քանի որ հարցն այս ուղղակիորեն առնչվում է իր անվտանգությանը:

Ի դեպ` այս իմաստով պետք է նկտել, որ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին այցը Հայաստան նույնպես ի ցույց է դնում նաև Արևմուտքի պատրաստակամությունը` պահպանելու տարածաշրջանում փխրուն խաղաղությունը: Ասել կուզի` այս պարագայում նույնպես աչք են զարնում գերտերությունների փոխպայմանավորված քայլերը, որոնց նպատակը մեկն է` զսպել Բաքվի ախորժակը: Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրներին, ասենք նույն Իրանին, ապա այս ուղղությամբ ևս Ադրբեջանի գործերը կարծես այնքան էլ լավ չեն. դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Նախիջևանի օրենսդիր մարմնի ղեկավար Վասիֆ Թալիբովի և Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի հանդիպումը իսկական վայնասուն է բարձրացրել Ադրբեջանում. այս երկրի մամուլը մեղադրում է Ռոհանիին Ադրբեջանին դավաճանելու, Ալիևին չվստահելու մեջ: Կարճ ասած` Ալիևը բոլոր կողմերից հայտնվել է աքցանի մեջ ու գտնել ելք այս իրավիճակից առանց լուրջ վնասներ կրելու այլևս անիրական է թվում այս երկրի համար: Որևէ մեկին Անդրկովկասում հակամարտության նոր օջախ հարկավոր չէ, ինչը նշանակում  է, որ Բաքուն ստիպված է լինելու այսուհետ ևս համակերպվել իրեն պարտադրված խաղաղության հետ. կտրուկ շարժումները կարղ են կործանարար լինել ալիևյան ռեժիմի համար:

Հրանտ Ջանփոլադյան