Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այսօր ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը:
Մեր ընտրանին, գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է մայիսի 5-7-ը Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մարզչական շտաբն արդեն որոշել է, թե ովքեր են հանդես գալու Եվրոպայի առաջնությունում:
Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է Եվրոպայի առաջնություն մեկնող ըմբիշների անունները: Նրանք են. 59 կգ քաշային կարգ՝ Գևորգ Ղարիբյան, 66 կգ՝ Կարեն Ասլանյան, 71 կգ՝ Ռաֆայել Ալեքսանյանը, 75 կգ՝ Կարապետ Չալյանը, 80 կգ՝ Սարգիս Քոչարյանը, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյանը.
«Ո՞վ 98 կգ քաշային կարգում կներկայացնի Հայաստանը, կհայտարարենք ապրիլի 25-ին: Այս քաշային կարգի անվիճելի առաջատար Արթուր Ալեքսանյանը ծունկը ցավեցրել է: Սպասում ենք: Եթե մինչ այդ լավանա, նա կմեկնի, իսկ եթե զգանք, որ խանգարելու է, նրան կփոխարինի Արթուր Շահինյանը:
Իսկ 130 կգ քաշային կարգում մենք նպատակահարմար չենք համարել մասնակից ունենալ Եվրոպայի առաջնությունում»,- ասել է գլխավոր մարզիչը:
Լևոն Ջուլֆալակյանը նաև տեղեկացրել է, որ Արսեն Ջուլֆալակյանը ներկայումս Տալլինում է, որտեղ մասնակցելու է միջազգային խոշոր մրցաշարի: Այսօր սկսելու է գոտեմարտել:
Vesti.am









