Foto

Սուպերմարկետներում տեղի ունեցող խարդավանքներն ու հոգեբանական հնարքները

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում  «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը և հոգեբան Սամվել Խուդոյանն անրադարձել են փոքրիկ բիզնես-մեքենայությունների հարցին:

Սամվել Խուդոյանն առանձնացրել է իրական խաբեությունները, խարդավանքները և սովորական հոգեբանական հնարքները: Երկրորդ հնարքը, ըստ նրա, այդքան էլ խնդրահարույց չէ, քանի որ յուրաքանչյուր մարդ, անհատ կամ կազմակերպություն օգտագործում է դա՝ որպես առևտրի խթան։

Հոգեբանը խաբեության մի քանի օրինակ է բերել, ինչպիսիք են թերակշռումը, թանկ ապրանքն էժան գնապիտակի տակ ներկայացնելը, ժամկետանց ապրանքերի վաճառքը և շատ ուրիշ դեպքեր:

Բացի սուպերմարկետներում և խանութներում տեղի ունեցող խարդախություններից՝ Խուդոյանն անրադարձել է նաև դեղորայքի հարցին:

-Մեզ մոտ դեղորայքը սարսափելի թանկ է, ինչը  մոնոպոլիայի հետևանք է: Օրինակ, «Դիլատրենդ»  դեղը Եվրոպայում արժե ընդամնեը 5 եվրո, իսկ մեզ մոտ՝ 20-25 եվրո:  Սա ակնհայտ մոնոպոլիա է: Սա խաբեություն չէ արդեն, այլ ազգային վնաս, քանի որ  սրտի հիվանդություն ունեցող շատ մարդիկ այդ գինը չեն կարող վճարել և արդյունքը, ըստ էության, կարող է սպանություն համարվել,-ասել է հոգեբանը:

Սամվել Խուդոյանը նշել է նաև մի քանի հոգեբանական հնարք, որոնք օգտագործվում են շատերի կողմից՝ որպես առևտրի խթան՝ ելնելով իրենց շահերից: Այդ հնարքներից են առաջին անհրաժեշտության ապրանքները խանութի վերջին ցուցափեղկերում դնելը, երեխաների համար նախատեսված իրերն ավելի ներքևի հատվածներում տեղադելը, գինը 100 գրամի չափով նշելը, ապրանքներն անգամ 10 դրամով զեղչելը, էժան ապրանքները ներքևում դնելը և այլն.

-Այս հոգեբանական հնարքներից է նաև երաժշտությունը: Պարզվել է՝ եթե երաժշտության ռիթմը սրտի ռիթմից  ցածր է լինում մոտավորապես 60 տակտով, ապա առևտուրը  մի քանի անգամ աշխուժանում է, աճում: Մարդը մտնում է կիսատրանսային վիճակի մեջ,  և ագամ կարող է երաժշտությունը չհիշել, բայց այդ երաժշտության տակ քննողականությունն իջնում է, և մարդը կարող է ավելի շատ առևտուր անել:

Որպես առևտրային խարդախության օրինակ Արմեն Պողոսյանը մի զավեշտալի օրինակ է բերել, երբ իր ընկերներից մեկը մարզագնդեր (гантели) էր գնել, հատուկ մարմնամարզական վարժությունների համար, սակայն կշռելուց հետո, պարզվել է, որ նույնիսկ դրա քաշն է իրականից պակաս:

-Տոնավաճառներից ինձ մոտ լացելով են գալիս՝ այսինչ ապրանքի որակից բողոքելով, սակայն դա չի նշանակում, որ սուպերմարկետներում կատարյալ իրավիճակ է և այնտեղ  մեքենայություններ չկան,-հավելել է Պողոսյանը:

Նա նշել է, որ գոյություն ունի աշխատանքի բաժանում, կան ստուգող մարմիններ՝ առաջինը հարկայինն է, որը պետք է բոլոր հաշվարկները ճշգրիտ անի, սննդի տեսչությունը, որը պետք է հետևի ապրանքների ժամկետներին և ստուգման գործընթացը կատարող այլ սահմանափակ պետական կառույցներ:

Պողոսյանը կոչ է արել մարդկանց, ապրանքի հաշվարկից հետո արժեքի վրա կասկածելու դեպքում գնված ապրանքների սայլակով մոտենալ մեկ այլ դրամարկղի և նորից ստուգել կազմած գումարը:

Vesti.am