Foto

Հայերի թիվը Վրաստանի խորհրդարանում կնվազի

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են: Վրացագետ Հայկազուն Ալվրցյանի կարծիքով՝ վրացահայերը պետք է մեծ ակնկալիքներ չունենան՝ չնայած այն հանգամանքին, որ այս ընտրություններում մոտ երկու տասնյակ հայերի անուն է շրջանառվում տարբեր դաշինքների կողմից.

-Հայերի թիվը խորհրդարանում երբեք էլ վճռորոշ չի եղել և չի նպաստել հայերի շահերին: Հայ պատգամավորներից Վրաստանի հայությունը մի բան է ակնկալում՝ հայության խնդիրները արծարծել, ինչն անհնար է,-ասել է վրացագետը:

Հ. Ալվրցյանը նկատել է, որ 2012-ին գրանցվեց մի աննախադեպ բան, երբ ընտրություններով իշխանություն փոխվեց:

-Այս ընտրությունների մեջ ինտրիգ կա՝ արդյո՞ք Իվանիշվիլու կուսակցությունը նույն կերպ կվարվի, արդյո՞ք ընտրություններն արդար ու թափանցիկ կանցկացվեն, թե՞ կօգտագործվեն իշխանական լծակները,-ասել է բանախոսը՝ ընդգծելով, որ ակնհայտ է, որ Իվանիշվիլիի կուսակցությունը չիրականացրեց վրաց ընտրողների հույսերն այն չափով, ինչ չափով ակնկալվում էր:

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանն էլ ասել է, որ վրացական ութ կուսակցություն առնվազն կարող է անցնել խորհրդարան, բայց ամենահավանականը «Վրացական երազանքի» ու «Միացյալ ազգային շարժման» հնարավորություններն են:

Նա նշել է, որ շրջանների նոր բաժանման հետևանքով հայ պատգամավորների թիվը մեկով պակասել է.

-Շրջաններն այս անգամ այնպես բաժանեցին, որ Ախալքալաքը և Նինոծմինդան կազմեցին մի շրջան, որտեղից մեկ մարդ է ընտրվում, սակայն ադրբեջանցիների թիվը կաճի,-եզրափակել է բանախոսը:

Vesti.am