Foto

Աբխազիան ազատ վիզային ռեժիմ է սահմանում Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հետ

Աբխազիայի ԱԳՆ-ն ազատ վիզային ռեժիմ է սահմանում Լեռնային Ղարաբաղի և Մերձդենստրի հանրապետությունների հետ: Այս մասին ռուսական «TACC» գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է Աբխազիայի արտաքին գործերի փոխնախարար Կան Թանիան:

«Արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբան հանձնարարել է Աբխազիայի արտգործնախարարության միջազգային-իրավական բաժնին մեր բարեկամների` Մերձդնեստրի Մոլդավական և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների հետ փոխադարձ ազատ այցելությունների մասին համաձայնագրերի նախագծեր մշակել»,-հայտարարել է Թանիան` նշելով, որ նման պայմանագրերի նախապատրաստման անհրաժեշտությունը ծագել է այն օրենքի ընդունումից հետո, որի համաձայն՝ Աբխազիայի անկախությունը չճանաչած պետությունների քաղաքացիները ապրիլի 1-ից զրկվում են ինքնահռչակ հանրապետություն առանց վիզայի մուտք գործելու իրավունքից:

«Ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող այս օրենքը վերաբերում է բոլոր այն պետություններին, որոնց հետ Աբխազիան ազատ վիզային ռեժիմ սահմանելու մասին համաձայնագրեր չի կնքել: Այս պահին Սուխումը նման պայմանագրեր ունի Ռուսաստանի և Նիկարագուայի հետ, իսկ Հարավային Օսիայի հետ ստորագրված համանման փաստաթուղթը վավերացման փուլում է»,-ասել է Աբխազիայի ԱԳ փոխնախարարը:

Աբխազական արտգործնախարարության փոխանցմամբ՝ մուտքի վիզաները տրամադրվելու են ռուս-աբխազական սահմանին գտնվող «Փսոու» անցակետում: Պաշտոնական Սուխումը խոստանում է, սակայն, որ աբխազական վիզաների տրամադրումը երրորդ երկրների քաղաքացիների համար այլ պետություններ` նախևառաջ Վրաստան, այցելելու ժամանակ խնդիրներ չի հարուցի:

«Աբխազիա այցելող արտասահմանցիների անձնագրերում որևէ նշում չի կատարվի: Մենք նրանց պարզապես անձնագրի ժամանակավոր ներդիր ենք տրամադրելու», -նշել է ԱԳ փոխնախարարը:

Vesti.am