Foto

Զարմանալի է, որ «Համահայկական մրցանակաբաշխություն 2016-ը» դարձել է քննադատության թիրախ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայաստանյան իշխանությունների արձագանքը ԵԽԽՎ ընդունված հակահայկական բանաձևին սահմանափակվել է «պետք չէ լուրջ ընդունել» արտահայտությամբ, ապա «Համազգային միասնությունը՝ հավաքական ուժի և հզորության գրավական» խորագրով մրցանակաբաշխության անցկացումը, նվիրված ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյա հոբելյաններին, ավելին քան ողջունելի է: Հասկանալի է, որ մրցանակաբաշխությունը քաղաքական բնույթի հարց չի լուծելու, բայց միայն այն փաստը, որ այն ևս մեկ հնարավորություն է Արցախի համար շեշտադրելու արդեն քառորդ դար ինքնիշխան լինելը, արդեն իսկ դրական քայլ է։ Արցախը հանդիսանալով չճանաչված պետություն, շատ դեպքերում զրկված է քաղաքական, այդ թվում միջազգային հարթակներում հանդես գալու հնարավորությունից։ Հետևապես այդ բացը պետք է կոմպենսացնել նաև ակտիվությամբ գիտական, մշակութային, սպորտի և այլ ոլորտներում։ Եթե ճանաչված պետությունների դեպքում այդ ոլորտներում զգալի ակտիվության բացակայությունն այնքան էլ էական չէ, ապա չճանաչված պետությունների դեպքում դա զգալի հետքայլ է, այդ թվում արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս։ Զարմանալի է սակայն այն հանգամանքը, որ «Համահայկական մրցանակաբաշխություն 2016-ը» դարձել է քննադատության թիրախ իշխանամետ որոշ շրջանակների համար՝ հասկանալի քաղաքական նկատառումներից ելնելով։ Արցախը պետք է այս փուլում օգտագործի իր ցանկացած հնարավոր  հարթակ իր ձայնը լսելի դարձնելու ու պետական շահերն առաջ տանելու համար, քանզի, ինչպես տեսնում ենք, պաշտոնական Երևանի համար միջազգային քաղաքական կառույցներից մեկի օրակարգում հակահայկական երկու բանաձևերի քվեարկության դրվելը, առաջին անգամ «օկուպացված տարածքներ» ձևակերպման կիրառումը ԼՂՀ ազատագրված տարածքների վերաբերյալ՝ լուրջ չէ։ Եթե դիտարկելու լինենք մրցանակաբաշխությունն իր ֆունկցիոնալ տեսանկյունից, պետք է ենթադրել, որ այն հերթական հիստերիայի առիթ կհանդիսանա Ադրբեջանի համար, զուտ այն պատճառով, որ միջոցառումը նախաձեռնել է պաշտոնական Մոսկվայի հետ լավ հարաբերությունների մեջ գտնվող Ռուսաստանի հայերի միության նախագահը։ Նարեկ Աբրահամյանի ՖԲ էջից