Foto

Փորձագետ. Հայաստանում արևի միջոցով ստացվող էլեկտրաէներգիայի սպառումը մի փոքր հոռետեսական է

Արևային ու քամու էներգիայի արտադրությամբ զբաղվող «Շնեյդեր Էլեկտրիկ» ընկերությունը հետարքրքված է Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու գաղափարով և մոտ ապագայում նախատեսում է համագործակցել հայկական կողմի հետ՝ արևային էներգիայի մշակման համար: Vesti.am-ը թեմայի շուրջ զրուցել է էներգետիկ անվտանգության փարձագետ  Վահե Դավթյանի հետ:

- Պարո՛ն Դավթյան, Ձեր կարծիքով՝ որքան է իրատեսական Հայաստանի համագործակցությունը նման հզոր կազմակերպության հետ և ինչ դրական ակնկալիքներ կարելի է ունենալ:

«Շնեյդեր Էլեկտրիկ»-ի հետ համագորակցությունն այսօր առավել քան իրատեսական է՝ մասնավորապես հաշվի առնելով Հայաստանում ընթացող էներգետիկ համակարգի առողջացմանն ուղղված գործընթացները: Ինչպես հայտնի է, 2015 թ. Հայաստանը Համաշխարհային բանկից 50 մլն դոլարից ավելի վարկ է ստացել՝ հանրապետության էներգետետիկ ոլորտի արդիականացման նպատակով: «Շնեյդեր Էլեկտրիկ»-ն իր հերթին, մասնագիտացած է նաև էներգահամակարգերի օպտիմիզացման, էներգախնայողության համակարգերի մշակման, տեղեկատվական բազաների ստեղծման,  էներգետիկ ոլորտի կադրերի վերապատրաստման հարցերում: Այս համատեքստում, իհարկե, ողջունելի է ՀՀ կառավարության կողմից նման փորձառու և իր արդյունավետությունն ամբողջ 20-րդ դարի ընթացքում ապացուցած ու մինչ օրս ապացուցող ընկերության հետ երկխոսություն հաստատելը: Հուսանք, որ այդ երկխոսությունը զուտ հռետորաբանությամբ չի սահմանափակվի:

- Ընկերության փոխտնօրեն  Յոխան Վանդերպլաեցեի խոսքերից  կարելի է ենթադրել, որ «Շնեյդեր Էլեկտրիկ»-ը բավականին լավատեսորեն է տրամադրած Հայաստանի հետ համագործակցության համար, Ձեր կարծիքով՝ ինչով է դա պայմանավորված:

«Շնեյդեր Էլեկտրիկ»-ի հետաքրքրությունը հայկական էներգետիկ շուկայի հանդեպ կարող է պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ պաշտոնական Երևանը վերջին շրջանում հայտարարում է Իրանից ներկրվող գազի ծավալների ավելացման մասին՝ այն Վրաստան արտահանելու նպատակով սվոպային սխեմայի շրջանակներում: Այսպիսով, Հայաստանն իր տնտեսական պատմության ընթացքում առաջին անգամ փորձ է իրականացնելու կիրառել սվոպային մեխանիզմը, այն էլ էներգետիկայի նման բարդ ու զգայուն ոլորտում: Կարելի է ենթադրել, որ «Շնեյդեր Էլեկտրիկ»-ի փորձն ու կարողությունները կարող են օգտակար լինել մեզ նաև Իրան-Հայաստան-Վրաստան գազային սվոպ-միջանցքի ստեղման գործում:

- Ընկերությունը ցանկանում է ներդրումներ կատարել հատկապես արևային էներգետիկայի զարգացման ոլորտում, այս մասով սպասելիքները որքանով են իրատեսական:

Անդրադառնալով Հայաստանի վերականգնվող և մասնավորապես արևային էնէրգետիկայի զարգացման ներուժին, կարելի է փաստել, որ «Շնեյդեր Էլեկտրիկ»-ի հետաքրքրությունը դեպի այդ ոլորտ ևս ունի իր հիմնավորումները: Նախ և առաջ պետք է ընգծել, որ Հայաստանում արևային էներգիայի ստացման հնարավորությունները զգալիորեն գերազանցում են եվրոպական չափանիշները: Այսպես, օրինակ,  1 քմ հորիզոնական մակերևույթի համար մեր երկրի արևային էներգիայի միջին տարեկան մեծությունը կազմում է 1720 կՎտ–ժ/քմ, այն դեպքում, երբ Եվրոպայում տվյալ ցուցանիշը կազմում է ընդամենը 1000 կՎտ–ժ/քմ։ Տաք շրջանում արևային լույսի տևողությունը մեզ մոտ կազմում է տարեկան 85 տոկոս, իսկ լույսի տևողությունը հասնում է միջինը մինչև 60 տոկոս։ Սրանք բավականին լավ և հեռանկարային ցուցանիշներ են, որոնք չեն կարող ուշադրություն չգրավել: Մյուս կոմից՝ Հայաստանում սկսել է ձևավորվել նաև որոշակի օրենսդրական դաշտ, որը միտված է խթանելու վերականգնվող էներգետիկան և արևայինը՝ հատկապես: Խոսքը գնում է «Էներգախնայողւթյան և վերականգնվող էներգետիկայի մասին ՀՀ օրենքի» վերջին խմբագրության մասին, համաձայն որի ցանկացած ֆիզիկական ու իրավաբանական անձ կարող է իր տան տանիքի վրա տեղադրել արևային պանելներ, գեներացնել էլեկտրաէներգիա ու վաճառել այն էլեկտրական ցանցերին: Ճիշտ է, այստեղ ևս խնդիրները բավականին շատ են, կան բազում բացեր, սակայն ըստ էության օրենքի նոր խմբագրությունը խոսում է պետության կողմից ճիշտ էներգետիկ քաղաքականության ձևավորման մասին:

- Այնուամենայնիվ, կա  մտավախություն, որ համագործակցության արդյունավետությունը  սպասելիից ավելի ցածր կլինի:

Միակ հանգամանքը, որն ինձ մոտ որոշակի հոռետեսություն է առաջացնում,  այլընտրանքային միջոցով արտադրվող էլեկտրաէներգիայի սպառումն է: Հայաստանում էներգագեներացումն այսօր հետևյալ պատկերն ունի. էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը արտադրվում է ատոմակայանի կողմից, մոտ 30 %-ը՝ ջերմաէլեկտրակայանների, մյուս մոտ 30%-ը՝ հիդրոկայանների: Միևնուն ժամանակ բոլոր երեք ոլորտներն էլ այսօր ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի էներգետիկ անվտանգության համար, ինչի պատճառով կառավարությունը ամեն կերպ փորձում է պահպանել դրանք՝ ներգրավելով տարատեսակ վարկեր: 2015-ին ատոմակայանի կյանքը երկարացնելու նպատակով Ռուսաստանից ստացած վարկը կազմում է 280 մլն ԱՄն դոլար, Համաշխարհային բանկից ստացած վարկի մի մասը ուղղված է Երևանի ՋԷԿ-ի նոր ենթակայանի կառուցման վրա, իսկ ինչ վերաբերում է հիդրոէներգետիկային, ապա բավական է նշել, որ, օրինակ, Հայաստանում այսօր գործում է շուրջ 150 փոքր ՀԷԿ և կառավարության համապատասխան ծրագրով նախատեսվում է ևս 130-ի կառուցումը: Ակնհայտ է, որ բոլոր այս ենթակառուցվածքային օբյեկտները պետք է աշխատեն և արդյունավետություն ապահովեն: Ռուսական գազից ազատվելու մտադրություն մենք ևս չունենք: Իսկ հաշվի առնելով Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման սիստեմատիկ նվազումն (օրինակ, 2016 թ. առաջին կիսամյակում էլէներգիայի արտադրությունը ընկել է 4.9%-ով) ու արտահանման համար արտաքին շուկաների սահմանափակ լինելը՝ առնվազն անհասկանալի է, թե ինչպես է կիրառվելու կանաչ էներգիան: Սա հարցի մակրոտնտեսական կողմն է, որը չի կարելի անտեսել:

Vesti.am