Foto

Ձևավորել շփվելու նոր քաղաքական մշակույթ

Իր վերջին հարցազրույցում ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, խոսելով հայկական մի շարք լրատվամիջոցներում իր հասցեին հնչած քննադատությունների մասին, ասել է. «Քննադատությունը, եթե այն իր մեջ ճշմարտության նշույլ է պարունակում, միշտ էլ օգտակար է անհատի, հասարակության և պետության համար: Բայց եթե քննադատությունը քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաների, հավասար մրցակցության նկատմամբ պաթոլոգիկ ատելության հետևանք է և լրագրողական հանրության ծախվածության դրսևորում, ապա այդ երևույթը ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքական քննադատության հետ, և հավասար է ապօրինի մեթոդներին ու արտացոլում է քաղաքական փարիսեցիությունն ու փոքրոգությունը»:

Սա այն շփման ձևաչափն է, որը պետք է ամրապնդվի մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների շրջանակներում: Քննադատությունները միշտ պետք է լինեն կոնկրետ, բովանդակային, ճշմարիտ ու հավասարակշռված: Նմանօրնակ քննադատությունը ոչ միայն չի վնասում քաղաքական գործընթացներին, այլ ավելի է հարստացնում նրանց, որովհետև քննադատության մեջ կարող են ռացիոնալ ծիլեր լինեն, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել: Սրա հետ միասին ես կուզեի նշել, որ մեր երկրում իրականում ոչ միայն ընդդիմությունն է տառապում անբովանդակալից քննադատություններ հնչեցնելու հիվանդությունից, այլ առաջին հերթին՝ իշխանությունը: Գաղտնիք չէ, որ մեր երկրում ԶԼՄ-ների բացարձակ մեծամասնությունը ղեկավարվում է մեկ կենտրոնից ու, հետևաբար, հենց այդ կենտրոնի շրջանակների համաձայն քննադատությունը մեր երկրում շատ դեպքերում վերածվում է անառողջ հայհոյանքներով լի պատերազմի: Այս առումով Արա Աբրահամյանի մոտեցումը որակապես տարբերվում է թե՛ ընդդիմության մի շերտի, թե՛ իշխանությունների մոտեցումից. նա ոչ միայն ցավագին չի ընդունում բովանդակային քննադատությունը, այլ պատրաստ է խրախուսել այն՝ ականջալուր լինելով ադեկվատ առաջարկներին: Կարծում եմ, որ ցանկացած պարագայում այս մոտեցումը պետք է շարունակական բնույթ ստանա ու հիմք դնի մեր երկրում քաղաքականության մեջ շփվելու նոր մշակույթին, մշակույթ, որում տեղ չունեն հայհոյանքն ու վիրավորանքները, այլ տեղ ունեն բովանդակային քննարկումները, ու ոչ թե այն պատճառով, որ կողմերը ունակ չեն իրար վիրավորելու, այլ որովհետև գիտակցում են վիրավորանքների ճանապարհի անփութությունն ու հանրային շահին չհամապատասխանելու իրողությունը:

Սամվել Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից