Foto

Մ.Ապրեսյան. «Հայ հասարակությունը դեռևս այդքան էլ իրազեկ չէ մեր հանգստավայրերի հնարավորությունների մասին»

Զբոսաշրջության ոլորտը շարունակում է խնդրահարույց մնալ մեր երկում: Կան բազմաթիվ հարցեր, որոնք տարիներ շարունակ չեն լուծվում: Այս թեմայով Vesti.am-ը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ:

-Թիրախային  ո՞ր խմբի համար է Հայաստանն ավելի գրավիչ:

-Թիրախային խումբ կարելի է համարել 18-35 տարիքի անձանց:  2006-2007թ. ընթացքում, այս թիրախային խմբի շրջանակներում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմում է 6%, իսկ 2013թ.՝ 34%: Ընդհանուր առմամբ, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիրախային տարիքը՝ միջինն է, ովքեր ավելի շատ պատմամշակութային, ճանաչողական նպատակներով են այցելում մեր երկիր:

-Հայաստանում զբասաշրջության հիմնական խնդիրներից է շարունակում մնալ տեսարժան վայրերում զուգարանների պակասի հարցը: Ի՞նչ միջոցառումներ են կատարվում խնդիրը շտկելու համար:

-Վիճակը նույնը չէ, ինչ մի քանի տարի առաջ էր: Օրենքով պարտադիր պայման է սահմանվել բոլոր բենզագազալցակայանների տարածքում  վճարովի կամ անվճար՝ նորմերին և պայմաններին  համապատասխանող հասարակական զուգարաններ ունենալ: Կարծես թե այս գործընթացը տեղից շարժվում է:

Մ.Ապրեսյանն առաջարկել է նաև զուգարաններից բացի բենզագազալցակայանների տարածքում հիմնել տարբեր վաճառակետեր՝ թե՛ հուշանվերների, թե՛ այլ անհրաժեշտ սպառողական ապրանքերի, որոնք եկամուտի լավ աղբյուր կարող են դառնալ, ինչն էլ շատ կարևոր է մեր զբոսաշրջության մրցունակության համար:

-Արդյոք տուր օպերատորներ և զբոսավարներ պատրաստելու առումով մեր կրթական ծրագրերն  բավարար որակ ապահովո՞ւմ են:

-Շատ կարևոր հարց բարձրացրեցիք: Համեմատած նախորդ տարիների հետ՝ ընդհանրապես զբոսաշրջության ոլորտում մասնագիտացած կրթական հաստատություններ չունեինք: Այսօր տասնյակից ավելի և՛ բարձրագույն, և՛ միջին մասնագիտական հաստատություններ կան: Կա առաջընթաց, բայց դեռ անելիքներ ունենք, որպեսզի կարողանանք պահանջարկին համապատասխանող կադրեր ապահովել: Զբոսավարների առումով արդեն առաջընթաց է նկատվում: Այսօր զբոսավարների ուսումնական կենտրոն ունենք, որտեղ տարբեր  երկրներից գալիս են վերապատրաստվելու նպատակով:

-Ի՞նչ աշխատանքներ են տարվում ներքին տուրիզմը զարգացնելու և հանգիստը  մեր երկրի բնակիչների համար հասանելի դարձնելու նպատակով:

-Ներքի տուրիզմը շատ կարևոր է: 2014թ.  ներքին տուրիզմը 28%-ով աճ է գրանցել: Այն  բավականին լավ դինամիկա ունի, այստեղ խնդիրը իրազեկությունն է: Մեր հասարակությունը, ցավոք, դեռևս այդքան էլ տեղեկացված  չէ մեր հանգստավայրերի հնարավորությունների մասին:

-Իսկ ու՞մ թերացումն է դա:

-Բոլորի՛ս: Ե՛վ մեր, և՛ մասնավոր հատվածի: Մասնավոր հատվածն իր գործունեությունն ուղղել է ավելի շատ ներգնա և արտագնա տուրիզմին՝ մի փոքր անտեսելով ներքինը: Բայց գոյություն ունի մեկ այլ խորքային խնդիր: Հյուրանոցների, ավելի շատ մարզայի՛ն հյուրանոցների, հյուրանոցային տեսության օբյեկտների համագործակցության խնդիրը տուր-օպերատորների հետ: Այս մշակույթը ներդնելու ուղղությամբ շատ ջանքեր են գործադրվել, բայց դա այդքան էլ արագ գործընթաց չէ:

Այս խնդրին օգնության հասավ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության ներդրումը: Այս դեպքում հյուրանոցային տեսության օբյեկտները   տուր օպերատորներին ստիպված պետք է հատուկ զեղչված գներ տրամադրեն: Սա հանգեցրեց նրան, որ ավելի շատ մարդիկ՝ և՛ սոցփաթեթի օգտատերերը, և՛ անկախ շահառուները, սկսեցին ավելի շատ հետաքրքրություն ցուցաբերել, ինչն էլ նպաստում է ներքին տուրիզմին:

-Հետաքրքիր է իսկ ու՞մ թերացումն է, որ մեր երկիրը, դրսի շուկայում ավելի մրցունակ և ճանաչելի չէ:

-Դե չասենք, թե դա ում թերացումն է. շարունակական գործընթաց է, և տարեցտարի պետք է անել ամեն ինչ , որ գնալով շուկաներն ավելանան, իսկ դրա ձևերը տարբեր են: Բացի գովազդարշավից, նաև անհրաժեշտ է որակյալ ծառայություններ մատուցել, քանի որ 1 գոհ զբոսաշրջիկը, նշանակում է նրա տասնյակ ընկերների, հարազատների, բարեկամների լավ պատկերացումը մեր երկրի մասին, և հակառակը:

Vesti.am