Foto

Հայաստանյան բենզինի շուկայում, ըստ ՏՄՊՊՀ դիտարկումների, մենաշնորհ չկա. Vesti.am-ի հարցազրույցը

Նավթի համաշխարհային շուկան  նավթի գնանկում է արձանագրել, սակայն Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գների էական նվազում չի նկատվում: Հայաստանում բենզինի  մեկ լիտրն արժե  390 դրամ, իսկ դիզելային վառելիքինը՝ 380: Սա այն պարագայում, երբ հարևան Վրաստանում բենզինի 1 լիտրն արժե 240 դրամին համարժեք լարի, իսկ դիզելային վառելիքինը՝ 200 դրամին: Այս թեմայով Vesti.am-ը զրուցել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Գայանե Սահակյանի հետ:

-Ինչո՞ւ են Հայաստանում բենզինի և դիզելային  վառելիքի գներն ավելի թանկ,  քան օրինակ հարևան Վրաստանում:

-ՏՄՊՊՀ-ն դիտարկումներ և համեմատություններ իրականացնում է միայն այն երկրներում, որտեղից բենզին  է ներկրվում Հայաստան: Մեզ ուրիշ երկրների գնային քաղաքականությունները չեն առնչվում: Մենք Վրաստանից բենզին չենք ներկրում ու այդ առումով Վրաստանի հետ կապ չունենք, որպեսզի կարողանանք բենզինի գների վերաբերյալ համեմատական անցկացնել:

-Ասում եք՝ ձեզ չեն առնչվում ուրիշ երկրների գնային քաղաքականությունները, բայց ՏՄՊՊՀ-ի կայքում հրապարակված տեղեկատվության մեջ  համեմատություն էր տարված Եվրոպական երկրների բենզինի գների հետ:

-Քանի որ ԱԺ-ում խոսակցություն եղավ, պատգամվորները հարց բարձրացրին, թե ինչու է այդ երկրներում բենզինն ավելի էժան: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն էլ վերլուծություն կատարեց, որպեսզի հասկանալի լինի, թե այդ ինչպես է, որ ըստ հանրության պնդումների, ամբողջ աշխարհում ահագնացող ցածր գներ են, բայց Հայաստանում այդպես չէ: Մենք, իհարկե, չենք կարող պատասխանել, թե Եվրոպական երկրներում բենզինը որքանով է էժան, կամ էժան է, թե ոչ: Մեր ուսումնասիրությունների համար հիմք են հանդիսանում բացառապես այն երկրները, որտեղից ներկրվում է բենզինը:

-Քայլեր արվո՞ւմ են Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գների նվազեցման ուղղությամբ:

-Ընդհանրապես որևէ ապրանքի գին էժանացելու ուղղությամբ որևէ բան չի կարող կատարվել: Հայաստանն ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկիր է, որևէ պետական կառույց իրավասու չէ քայլեր ձեռնարկելու, որպեսզի այս կամ այն ապրանքի  էժանացում տեղի ունենա: Գները մրցակցային են, և շուկան է որոշում գինը:  Հիմա եթե  բենզինը որևէ մեկը ներկրի  ոչ թե 490, այլ 300 դրամով  բոլորը կգնեն էժան բենզինը:

-Մեր երկրում բենզինի և դիզելային վառելիքի բարձր գները պայմանավորված չե՞ն բենզինի շուկայում առկա մենաշնորհով:

-Հայաստանի բենզինի շուկայում մենաշնորհ գոյություն չունի: Ի՞նչ մենաշնորհի մասին է խոսքը, եթե կան բենզին ներկրող երկու խոշոր ընկերություն: Միայն 2014թ. տվյալներով՝ Հայստանում 17 ընկերություն բենզին և դիզելային վառելիք է ներկրել Հայաստան: Մենաշնորհ նշանակում է, որ շուկայում կա մեկը, ով 100 տոկոս մասնաբաժին ունի, բայց մեր շուկայում նման բան գոյություն չունի: Ցուցանիշները հրապարակային են ու բոլորի համար  բաց:

Vesti.am