Foto

Հակոբ Չաքրյան. «Հս. Կորեան էլ Հայաստանից վախեցավ, մյուս անգամ էլ չի փորձի հրթիռ արձակել»

Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը սկիզբ դրեց երկու երկրների հարաբերությունների սրմանը: Ռուսաստանի կողմից Սիրիայում գրանցած հաջողությունները և Թուրքիայի դերի նվազումը տարածաշրջանում խոսակցության առիթ դարձան՝ Թուրքիան «վա բանկ» կգնա՞ և արդյոք ցամաքային զորք կմտցնի՞ Սիրիա, այսինքն՝ Ռուսաստանի դեմ: Որքանո՞վ է հնարավոր ռուս-թուրքական ռազմական բախումը և որքանո՞վ է Հայաստանը ապահովագրված տարածաշրջանային գործընթացներից: Այս թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ:

-Ի՞նչ եք կարծում, հնարավոր է, որ Թուրքիան ցամաքային զորք մտցնի Սիրիա:

-Կարող է առանձին դիվերսիոն խմբեր մտցնել, բայց զորք մտցնել, չեմ կարծում, ռիսկ անի: Ռուսաստանը զգուշացրել է, որ դա շատ վատ հետևանքներ կունենա, և համահունչ պատասխան կստանա: Իրանի իշխանությունները նույնպես զգուշացրել են, որ իրենք էլ կպատասխանեն: Թուրքիան կուզենար զորք մտցնել այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն ներգրավվեին ցամաքային ռազմական գործողություններին, սակայն ամերիկացիները տարածաշրջանում նոր պատերազմ չեն ուզում:

-Այնուամենայնիվ, Թուրքիա-Ռուսաստան ռազմական առճակատումը հնարավոր համարո՞ւմ եք:

-Ենթադրվում է, որ Թուրքիան ռիսկ չի անի զորք մտցնել Սիրիա, բայց կռվի ելքը դեռևս հայտնի չէ: Թուրքիա-Ռուսաստան բախում, կարծում եմ՝ չի լինի, ուժերի տարբերությունը չափից ավելի մեծ է: Եթե ՆԱՏՕ-ն միջամտեր, այդ դեպքում շատ հնարավոր կլիներ այս բախումը: Իսկ ՆԱՏՕ-ն ասել է, ըստ 5-րդ հոդվածի՝ իր անդամ երկրներին պաշտպանելու պարտականություն ունի, սակայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ենթարկվի հարձակման: Եթե Թուրքիան Սիրիա մտնի, ինքն է նախահարձակ լինում, հետևաբար չի պաշտպանի: Իսկ ռուսական ինքնաթիռը խոցելուց հետո ՆԱՏՕ-ից հայտնել էին. «Դաշինքը կպաշտպաներ այն դեպքում, եթե այդ ինքնաթիռը ռմբակոծեր Թուրքիան», բայց դե չի ռմբակոծել: Այսինքն, ՆԱՏՕ-ն հանուն Թուրքիայի՝ Ռուսաստանի հետ կռվի մեջ չի մտնի:

-Ռուս-թուրքական բախման դեպքում  հնարավո՞ր է, որ Հայաստանը թատերաբեմ դառնա, թե՞ գործողությունները կլինեն միայն Սիրիայի տարածքում: Ռուսաստանը կօգտագործի՞  Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան:

-Ռուսաստանը 102-րդ ռազմաբազան օգտագործելու կարիք չունի, որովհետև արդեն Բաշար Ասադի բանակին շատ լավ զինել է, C-300, C-400 է տեղակայել այնտեղ: Առհասարակ, այս ռազմաբազաները անվտանգություն ապահովում են, բայց նաև թիրախ էլ են դարձնում տվյալ երկիրը: Ենթադրենք, ռուս-ամերիկյան հակամարտություն սկսվի, առաջին հարվածներից մեկը ուզած-չուզած մենք կկրենք: Ռազմաբազաներն այս առումով երկակի նշանակություն ունեն: Մեզ մոտ ռազմական թիրախ դառնալու խնդիր չկա, բայց քաղաքական թիրախ կարող ենք դառնալ:

-Այդ պարագայում Հայաստանի իշխանությունների անելիքը ո՞րն է: Ի՞նչ պետք է անել նման սցենարներից խուսափելու համար:

-Նախ Հայաստանի իշխանությունները նման մտավոր կարողություններ պետք է ունենան, որ կարողանան խուսափել դրանից: Եթե անգամ ունենային էլ, ահագին դժվար կլիներ, բայց կարծում եմ իշխանություններին դա առանձնապես չի էլ հետաքրքրում:

- Բայց պե՞տք է հետաքրքրի:

-Ըստ երևույթին, մենք տարածաշրջանի երկիր ենք: Այստեղ միայն Հայաստանի խոցելիության, հարվածի տակ լինելու խնդիրը չէ, Հայաստանը տարածաշրջանի երկիր է, Սիրիան մեզ բարեկամական երկիր է, Բաշար Ասադը շատ լավ բարեկամ է, այդ առումով մեր իշխանություններին պետք է որոշակիորեն հետաքրքրեր: Օրինակ, Հյուսիսային Կորեան բալիստիկ հռթիռ է արձակել, իսկույն հայտարարություն արեցին, ձեզ էին մնացել, աշխարհն էլ ձեր հայտարարությանն էր կարոտ: Որտեղ անմիջականորեն պետք է հետաքրքրքրություն դրսևորի, այդ պարագայում ոչինչ չի անում, ոչ մի բան, որովհետև չգիտեն՝ ինչ հայտարարեն: Բայց այնտեղ ամերիկացիների, Եվրամիության երկրների աչքին սիրուն երևալու համար իսկույն հայտարարություն են անում: Հյուսիսային Կորեան էլ Հայաստանից վախեցավ, մյուս անգամ էլ չի փորձի հրթիռ արձակել:

Vesti.am