Foto

Փաստաբան. «Աշխատանքից հեռացված կամավորներից 2-ը կկարողանան վերադառնալ աշխատանքի»

Այսօր՝ ապրիլի 30-ին, աշխատավորների միջազգային օրվան ընդառաջ՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսա Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է  գործատու-աշխատող իրավահարաբերություններում օրենսդրության բացերի և խնդիրների մասին:

Ասուլիսի ընթացքում  փաստաբանը անդրադարձել է  իր 2 պաշտպանյալների խախտված աշխատանքային իրավունքների դեպքին, որոնք այս օրերին կամավորագրվելով Արցախի պաշտպանության ջոկատին՝ հեռացվել են աշխատանքից:

-Կամավորական հիմունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնողները, ովքեր ազատվել էին աշխատանքից 2-ը չէին, նրանք ավելի շատ էին: Հուրախություն բոլորիս՝ իմ պաշտպանության տակ գտնվող 2 աշխատակիցների  խնդիրը մոտակա ժամանակներս կկարգավորվի և նրանք կկարողանան վերադառնալ աշխատանքի: Դրան նպաստեց նաև այն փաստը, որ այդ դեպքը մեծ հնչեղություն ստացավ. դրա մասին  գրում էին գրեթե բոլոր ԶԼՄ-ները,-ասել է Ինեսա Վարդանյանը:

Նա նշել է, որ նպատակահարմար չի  գտնում  նշել գործատուների անունները, սակայն հավելել է, որ աշխատակիցները մասնավոր սեկտորից են եղել:

-Կոնկրետ այս իրավիճակում տղաներից մեկը գիշերվա ուշ ժամին ընկերների հետ մեկնել էր Արցախ: Այդ մասին նա բանավոր կերպով տեղեկացրել էր հաշվապահին: Ընդունում եմ, որ հետագայում դժվար կլինի բանավոր կեպով ապացուցել, որ «ես ասել եմ»: Իրավական առումով ծանուցման մասը պատշաճ չէր արվել և շատ թույլ էր: Պետք է արվեր գրավոր ձևով,-ասել է փաստաբանը:

Նա նշել է, որ տնօրենը ազատել է ենթակային՝ աշխատանքի չներկայանալու պատճառով:

-Երբ դեռ ընդամենը բանակցությունների ընթացքն էր գնում գործատուի հետ, վրջինս նշել է, որ աշխատանքային օրենսգիրքը ասում է «չի ներկայացել, կարող եմ ազատել»: Սակայն մենք փորձում էինք հստակեցնել, որ աշխատանքային օրենքսգիրքը չի նախատեսում աշխատանքի չգնալու դեպքում, այլ «անհարգելի բացակայելու դեպքում» ազատել՝ բացատրելով, որ օրենսդիրը ինքնանպատակ չի նշել հենց «անհարգելի» բառը: Պետք է գնահատման առարկան դարձնել, թե ինչո՞ւ չի ներկայացել:  Իսկ աշխատանային օրեսնգիրքը նախատեսում է այդ պահը, պաշտպանում է քեզ, որ եթե ինչ-որ դեպք է պատահել, դու հնարավորություն ունենաս բացատրություն տալու,- պարզաբանել է Վարդանյանը:

Փաստաբանը նշել է, որ աշխատանքային օրենսգրքով նախատեսված այդ պաշտպանությունը միայն կամավորականների համար չէ, այն խոսում է աշխատող-գործատու հարաբերությունների մասին: Նա  հորդորել է   բացառիկ դեպքերի համար օրենսգրքում հատուկ սահմանումներ ավելացնել:

Vesti.am