Foto

Ամենաճգնաժամային վիճակում հիմա առողջապահության ոլորտն է.Արսեն Թորոսյան

Չորեքշաբթի օրվանից ծրագրով նախատեսված ֆինանսները պետք է արդեն շրջանառվեն: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա մենք 5 փաթեթ կքննարկենք, բայց այս պահին մեր պայմանավորվածությունն է, որ շահառուները հնարավորություն ունենան չորեքշաբթի օրվանից ստանալ ֆինանսավորումները: Կլինի դա սոցիալական աջակցություն, բիզնես աջակցություն, այսինքն մեր կետը չորեքշաբթին է: Բայց պետք է շարունակենք ամենօրյա ռեժիմով աշխատել և կառավարության հաջորդ նիստում պետք է աշխատենք ունենալ նոր փաթեթներ, որոնցով արդեն այլ խմբեր կլինեն և այլ ծրագրեր իրականացնենք: Այսպես այնքան կշարունակվի, մինչև համոզվենք, որ ճգնաժամի շոկային փուլը հաղթահարված է»,-նշեց վարչապետը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հորդորեց տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման մասին խոսելիս անպայման խոսել առողջապահության մասին, որովհետև նախարարի խոսքով ամենաճգնաժամային վիճակում հիմա առողջապահության ոլորտն է. «Թե' ընթացիկ հարցերը լուծելու, թե' կապիտալ զարգանալու առումով ամենաճգնաժամկային վիճակում է: Հնարավոր է այդ հիվանդանոցային հզորությունների կարիքը դեռ երկար ունենանք և կանխատեսումները դրանից ելնելով պետք է արվեն։ Փաստացի պլանային վիրահատությունները և այցերը կրճատվելու պատճառով ոլորտը նաև դժվարությունների առջև է կանգնելու և չենք կարող թույլ տալ, որ դրանց պատճառով խոշոր և խնդիր լուծող բուժհաստատությունները կանգնեն սնանկացման կամ փակվելու խնդրի առջև»,-ասաց նախարարը:

Վարչապետն էլ նկատեց ծրագրում կա առողջապահական համակարգի վերազինմանը վերաբերող առանձին գլուխ: Բացի այդ ծրագրից կարող են օգտվել նաև առանձին բուժհաստատությունները: