Foto

Կառավարության իրական վարկանիշը հենց հիմա փողոցում է

Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ չի դադարում վարկանիշներով կերակրել ժողովրդին: Ինչ-որ նախաձեռնություն (համենայն դեպս վարչապետը դրա անունը դժվարությամբ կարդաց) երկրների ժողովրդավարայնացման զեկույց է հրապարակել, որտեղ գրել է, որ Հայաստանը 2019 թվականից կառավարվում է ժողովրդավարական գործընթացով ընտրված կառավարություն: Ինչ խոսք, սա նոր իմպուլս է Նիկոլ Փաշինյանի համար, որ կրկին հայտարարություններ անի ժողովրդի անունից, բայց այս օրերի իրականությունն այլ բան է ցույց տալիս:

Քաղաքացիները բողոքում են պետության կողմից իր սոցիալական պարտավորությունների մեջ թերանալու համար: Որքան էլ վարչապետը պնդի, թե երկրում «օրավարձով աշխատող մարդ» հասկացություն չկա, իրականում այդպիսի մարդիկ կան, նրանք մեծամասնություն են և իրապես օրվա հացի խնդիր ունեն: Եթե «թավշյա հեղափոխության» օրերին  օրավարձով աշխատող այդ քաղաքացիները երկրում ինչ-որ բան փոխելու երազանքով ի վիճակի էին մի քանի օր հրաժարվել դրանից ու փողոց փակել, ապա հիմա, դեռևս անհայտ ժամանակով, տանը մնալ չեն կարող: Բանկերը վարկային արձակուրդ չեն տալիս, իսկ կառավարությունը չի ցանկանում միջամտել քաղաքացի-բանկ հարաբերություններին, գործունեության բացմաթիվ տեսակներ պարետատան կողմից դադարեցվել են՝ մարդկանց զրկելով չնչին օրավարձից: Մարդիկ չեն մոռացել բարձրաստիճան պաշտոնյաներին տևական ժամանակ տրված ահռելի պարգևավճարները և դեռ երկար են հիշեցնելու իշխանություններին:

Բայց այս բողոքը միայն ինքնամեկուսացվածների խոհանոցներում չէ, այն բառացիորեն փողոցում է: Այս օրերին մարդիկ ձեռագիր ինքնատեղեկանքներով ու առանց դրա զբաղված են իրենց ծանր առօրյայով: Նրանք, արտակարգ դրության պահանջներն ակնհայտ առհամարելով, ցույց են տալիս իրենց վստահության իրական աստիճանը կառավարությանն ընդհանրապես, վարչապետին՝ մասնավորապես: Զավեշտալի է, բայց Փաշինյանը դա համառորեն չի նկատում և իր հերթական լայվով շնորհակալություն է հայտնում քաղաքացիներին պարետատան սահմանած կանոնները «բարձր կարգապահությամբ» պահելու համար: 

Հեղինակ: vesti.am