Foto

ԱԺ-ն քննարկում է գրավը որպես ինքնուրույն խափանման միջոց սահմանելու օրենսդրական նախաձեռնությունը

Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ ՀԻմնական զեկուցողն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է։

Այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է իրավակիրառ պրակտիկայում երկար ժամանակ քննարկված հարցից, այն է՝ գրավը որպես կալանքին այլընտրանքային խափանման միջոց բացառելը,- նախագիծը ներկայացնելիս ասաց Բադասյանը՝ նշելով, որ նաև ՍԴ-ն է իր վերջին որոշումներից մեկում անդրադարձել այս խնդրին։

«Նախագծով հիմնական դիտարկումները իրավակիրառ պրակտիկայի և ՍԴ-ի որոշմամբ հետևյալն է, որ դրա կիրառումը պետք է թույլատրելի լինի ոչ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու, այլև քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված խափանման միջոցների կիրառման հիմքերից որեւէ առկայության դեպքում։ Գրավը պետության եկամուտ դարձնելը պետք է թույլատրելի լինի ոչ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու կամ առանց թույլտվության այլ տեղանք մեկնելու դեպքերում, այլ նաև անձի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքներից ցանկացածը կատարելու դեպքում։ Գրավը պետք է կիրառվի ոչ միայն որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այլ նաև ինքնուրույն՝ կալանավորումից անկախ»,-ասաց Բադասյանը։

Վերջինս հավելեց՝ դատարանի կողմից կալանքի միջնորդությունը մերժելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը պետք է ընտրի համապատասխան խափանման միջոցն ու կիրառի։