Foto

Հայաստանը միայն գյուղատնտեսությունը չէ

Այո, հետաքրքիր ու տարօրինակ ժամանակներ ենք ապրում: Կորոնավիրուսը երևակել է մեր երկրի ու հասարակության գրեթե բոլոր ծածուկ երևույթները: Տևական ժամանակ փորձագիտական և լրագրողական հանրությունը մատնանշում էր այն թերությունները, որ առկա է կառավարման այս ձեռագրում, այս իշխանությունների գործելաոճում: Բայց այդ կարծիքներն ու գնահատականները կա՜մ համառորեն անտեսվում էին, կա՜մ «խեղդվում» ֆեյքերի բանակի կողմից: Հիմա դառն իրականության հետ առերեսվելու ժամանակն է, ցավոք՝ իր անդառնալի հետևանքներով:

Ճգնաժամային իրադրությունը ցուց տվեց, որ «քայլած» կադրերը ի վիճակի չեն ճիշտ և սթափ գնահատել իրողությունները, ընդունել մտածված և հավասարակշիռ որոշումներ: Խորհրդարանը ծառայել ու շարունակում է ծառայել մեկ կենտրոնի, մեկ մարդու քաղաքական նկրտումները լեգիտիմնացնելուն, իսկ տնտեսական խոստացված հեղափոխությունը հիմնականում քաղաքացիներին մատուցվող վիճակագրական թվաբանության տեսքով է:

Հիմա հուսահատ փորձեր են արվում ինչ-որ ժամանակավոր լուծումներ գտնելու, անցած երկու տարվա ընթացքում քայքայված տնտեսության դեռևս ոտքի մնացած ոլորտները փրկելու համար և դա ներկայացվում է որպես համաշխարհային տնտեսական կոլապսի ընձեռած հնարավորություն: Իրականում Հյասատանի կառավարությունը փորձում է գոնե երկրի պարենային խնդիրները լուծել առաջիկա կարճաժամկետ հեռանկարում, դրա համար էլ առաջարկվող ծրագրերի մեծ մասը վերաբերվում է գյուղատնտեսության ոլորտին: Այո, գյուղատնտեսությունը այս տարիների ընթացքում ամենաանտեսված ոլորտն է, գյուղացին դեռևս 90-ականների սեփականաշնորհումից ի վեր միայնակ է իր խանդիրների ու դժվարությունների հետ, մեծ մասը գտնվում են ծանր վարկերի տակ, չկա կոոպերացիա և հիմա հարմար պահ է այդտեղ ներդրումներ ու բարեփոխումներ անելու համար: Բայց ագրոոլորտում պետական միջոցների հսկա ներդրումը կարող է ուղղակի անօգուտ լինել, եթե մեր ապրանքները շարունակեն մնալ անմրցունակ: Ամբողջ աշխարհում էներգակիրները նվազագույն գնին են հասել, բայց մենք դեռևս «հավատարիմ» ենք հին պայմանավորվածություններին, իսկ գյուղատնտեսական աշխատանքների այս ամենաեռուն շրջանում վառելիքի գները նույնն են: Ստացվելու է, որ պետբյուջեն ֆերմերների վարկերը զրոյացնելով միայն բանկային համակարգին է օգնել՝ նրանց ակտիվները հարմար տեղաբաշխելով, բայց ստեղծված արտադրանքը մնացել է շուկաներից դուրս: Ի դեպ, նույնիսկ հնարավոր արտահանման շուկաների պետական վերլուծություն և պայմանավորվածություններ չկան և ամեն ինչ թողնված է մեր գործարարների երևակայությանն ու անձնական կապերին:

Միաժամանակ անհասկանալի է, թե ի՞նչ է լինելու տնտեսության այն ճյուղերի հետ, որոնք տարիներ շարունակ հայտարարված են եղել որպես գերակայություն, հսկայական աջակցություն են ստացել պետությունից: Մասնավորապես խոսքը առաջատար տեխնոլոգիաների, տուրիզմի, ակնագործության և մյուս ոլորտների մասին է: Տոտալ շրջափակման (կորոնավիրուսի պատճառով) պայմաններում, երբ դժվարացել են բեռնափոխադրումները և մարդկանց տեղաշարժերը, ՏՏ արտադրանքը շարունակում է մնալ ամենամոբիլը: Մեր ընկերությունները հսկայական ներուժ ունեն և կարող են նոր մարդկային ռեսուրսներ ներգրավել, եթե նրանց ուսումնական ծրագրերը պետական աջակցություն ստանան: Դրանով աշխատաշուկայի պատկերը էապես կփոխվի: Նոր՝ ետվիրուսային աշխարհում առաջատար տեխնոլոգիաները նոր ոլորտներ են գրավելու և մեր ինտեգրացիան հենց այդտեղ կարող է դիվիդենդներ ստանալ: Եթե պետությունը փող ունի, նհրաժեշտ է շատ արագ ձևակերպել պետական պատվերը ՏՏ ընկերություններին, նրանց ակտիվորեն ներգրավել ռազմարդյունաբերական ոլորտում՝ ստեղծելով նոր աշխատատեղեր: Այդ ամենն անհրաժեշտ է հենց այսօր անել:

Կառավարության գնահատականը հենց մարտահրավերները ճիշտ ու ժամանակին հայտնաբերելն ու առաջանցիկ գործողություններով դրանց դիմագրավելու մեջ է: Բայց մենք ինչպես արտակարդ դրություն հայտարարելուց մեկ ժամ առաջ դրա իրավական կարգավորումներին էինք քննարկում, այնպես էլ տնտեսության արդիականացումն ենք կատարում: