Foto

Գուտերիշը հանդես է եկել համաշխարհային հրադադարի կոչով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հանդես է եկել համաշխարհային հրադադարի կոչով:

«Մեր աշխարհը կանգնած է ընդհանուր թշնամու՝ COVID-19 կորոնավիրուսի առաջ: Վիրուսը խոցում է բոլորին՝ անկախ էթնիկ կամ խմբային պատկանելիությունից, ազգությունից կամ դավանանքից: Այն անգթորեն հարվածում է բոլորին: Միևնույն ժամանակ աշխարհով մեկ չեն դադարում զինված հակամարտությունները»,- Գուտերիշի հայտարարությունը ներկայացնում է ТАСС գործակալությունը:

Նրա խոսքով՝ առավել խոցելի են կանայք և երեխաները, հաշմանդամություն ունեցողները և տեղահանվածները, որոնք էլ առավել թանկ են վճարում:

«Եկեք չմոռանանք, որ պատերազմների մեջ գտնվող երկրներում բուժասանիտարական սպասարկումը վատ վիճակում է գտնվում: Բուժաշխատողները հաճախ հարձակումների են ենթարկվում: Կատաղի վիրուսը պատկերավոր կերպով ցուցադրում է պատերազմի խելահեղությունը: Այդ պատճառով կոչ եմ անում անհապաղ համաշխարհային հրադադար հայտարարել աշխարհի բոլոր անկյուններում: Եկել է ժամանակը վերջ դնելու զինված հակամարտություններին և համատեղ ջանքերը կենտրոնացնելու մեր ողջ կյանքի իրական պայքարում»,- ասել է Գուտերիշը:

Աղբյուր՝ Tert.am