Foto

ՀՀ և Իսրայելի նախագահներն անդրադարձել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող քայլերին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ: Ինչպես փոխանցում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նրանք տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

Հաշվի առնելով, որ Իսրայելն աշխարհում ունի լավագույն, զարգացած ու առաջադեմ, գիտահետազոտական նորարարությունների վրա հիմնված ժամանակակից բժշկություն և առողջապահական համակարգ, նախագահ Սարգսյանը նշել է, որ Իսրայելի աջակցությունն ինչպես մասնագիտական խորհրդատվության, այնպես էլ սարքավորումների և պարագաների տեսքով զգալի օժանդակություն կլինի Հայաստանի համար կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում:

Արմեն Սարգսյանի և Ռեուվեն Ռիվլինի պայմանավորվածության համաձայն, հարցի ավելի առարկայական և մասնագիտական քննարկման նպատակով այսօր կամ վաղը հեռախոսազրույց տեղի կունենա երկու կողմերի գործադիր իշխանության առողջապհության մարմինների պատասխանատուների միջև։ Անհրաժեշտության դեպքում կարիքները գնահատելու նպատակով տեսակապի միջոցով կանցկացվի նաև մասնագետների ընդլայնված քննարկում։