Foto

Տպավորություն է, որ արտակարգ իրավիճակ մտցնելու միակ նպատակը «լրատվամիջոցային կարանտին» սահմանելն էր

Կարեն Վրթանեսյանն իր ՖԲ էջում գրել է.

«Պնդում են, թե Նիկոլը ոչ մի գաղտնիք էլ չի բացահայտել՝ խոսելով հանրապետությունում առաջին անհրաժեշտության որոշ մթերքների ու վառելիքի պաշարների մասին։

Որևէ այլ իրավիճակում կարելի էր, իհարկե, քահ-քահ ծիծաղել այն տրամաբանության վրա, որով չինովնիկին պարգևավճարները չգիտես՝ ինչու գաղտնի հրամաններով են տրվում, նախարարի կենսագրությունից թաքցված դատվածությունը գաղտնիք է, իսկ այ պետական պաշարների մասին թվերը պետական գաղտնիք չեն։

Բայց քանի որ հիմա «որևէ այլ իրավիճակ» չէ, այլ արտակարգ իրավիճակ, ապա հենց հիմա սննդի և վառելիքի պաշարների տվյալները պիտի որ ավելի լավ պահվեին, քան սովորական ժամանակներում։

Ինչևէ, կխնդրեմ իրավաբան ընկերներիս արձագանքել և օգնել հասկանամ...

Բացում եմ ՀՀ օրենքը պետական նյութական պահուստի մասին ու կարդում.
-----------------------------------
«Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
• պետական պահուստ` նյութական արժեքների պետական հատուկ նշանակության պահուստ, որը ներառում է սննդամթերքի, դեղորայքի, բժշկական սանիտարատնտեսական եւ սանիտարատեխնիկական գույքի, շինանյութի, հումքի կարեւորագույն տեսակների, էներգակիրների, անհատական պաշտպանության միջոցների եւ այլ նյութերի ու ապրանքների պաշարներ, որոնք սույն օրենքով սահմանված կարգով նախատեսված են օգտագործման համար»:
-----------------------------------

Կարդում եմ նաև ՀՀ օրենքը պետական և ծառայողական գաղտնիքի մասին.
-----------------------------------
«Պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել հետևյալ տեղեկությունները ...
զ) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, Հայաստանի Հանրապետության ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՈՒ ՊԱՇԱՐՆԵՐԻ, նրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին»։
-----------------------------------

Հ.Գ. Ընդհանրապես այնպիսի տպավորություն է, որ արտակարգ իրավիճակ մտցնելու միակ նպատակը «լրատվամիջոցային կարանտին» սահմանելն էր, և ոչ թե կորոնավիրուսի տարածման դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելը»։