Foto

Մի քանի դիտարկում արտակարգ դրության վերաբերյալ

Արդեն մի քանի օր է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել, դրանից բխող բոլոր հետևանքով: Տարօրինակ է, բայց արտակարգ շատ քիչ երևույթներ կան: Վարչապետը ազատ շրջում է մայրաքաղաքի փողոցներով ու խանութներով, անկաշկանդ շփվում քաղաքացիների հետ, այն դեպքում, երբ նույնիսկ ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցն է վարակվել, թեև պետք է որ ամենապաշտպանվածներից մեկը լօներ: Առողջապահության նախարարը դեռ պետք է բացատրի, թե դա ինչպես հնարավոր եղավ, եթե իհարկե ժամանակ գտնի դատարանների խնդրով զբաղվելուց: Բայց դա այլ թեմա է:

Կառավարության այսօրվա նիստից մի քանի հարց առաջացավ, որոնց ցանկանում եմ առանձնահատուկ անդրադառնալ: Մեր երկրի վարչապետն ու կառավարության մի քանի անդամներ բացահայտ հայտարարում են երկրում առկա ստրատեգիական նշանակության նյութերի և սննդամթերքի պաշարների մասին: Համաձայնեք՝ արօրինակ է, որ լրատվամիջոցները գտնվում են խիստ վերահսկողության ներքո, որպեսզի իրենց հրապարակումներով իբր խուճապ չառաջացնեն, թեև այդպես էլ չի հստակեցվում, թե որն է այդ խուճապը և ինչպիսի հրապարակումները կարող են նպաստել դրան, բայց կառավարության անդամները տեղեկատվության նկատմամբ այդքան անփույթ են: Հասկանալի է, որ դրանով ցանկանում են բնակչության մոտ լրացնել իրենց նկատմամբ այն անվստահությունը, որ խորացավ վիրուսի նկատմամբ անլուրջ պահվածքի պատճառով, բայց եթե շարքային քաղաքացին չգիտի, թե որքան դիզվառելիք է պետք զինված ուժերի բնականոն գործունեության պահովման համար, ապա մեր հակառակորդները դա հստակ պատկերացնում են: Իսկ Ադրբեջանը դեռևս մեր հարևանն է:

Մի հանգամանքի վրա էլ եմ ցանկանում ուշադրություն հրավիրել: Արտակարգ դրության պայմաններում դադարեցվում են հանրաքվեի քարոզրությունն ու քվեարկությունը: Դեռևս հայտնի չէ, թե երբ կվերսկսվի կամ ընդհանրապես կվերսկսվի հանրաքվեն, թե ոչ, բայց վարչապետի հեռախոսի պատյանին դեռևս «Այո»-ի լոգոն է, Երևանի փողոցներում դեռևս քարոզչական պաստառներ կան, ֆեյսբուքյան օգտատերերի նկարներին շարունակում են մնալ քարոզչական ստիկերներ և այլն: Արտակարգ դրություն հայտարարելու պահին խոստացվեց, որ քարոզչությունը դադարեցվելու է և սկսվելու է այնտեղից, որտեղ դադարեցվել է: Ինչու չի պահպանվում օրենքի տառը:

Պարետատունն արդեն հայտարարել է, որ արտակարգ դրության կանոնները խախտելու համար վարչական տուգանքներ են կիրառվելու: Դա վերաբերվո՞ւմ է վերը նշածս դեպքերին, թե՞, Արսեն Թորոսյանի նախադեպով, ոմանք օրենքի առաջ ավելի հավասար են, քան մյուսները:

Երեկ «Շանթի» եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ անհատական ջանքերից կարևոր բան չկա, իսկ այսօր իր անհատական օրինակով ցուցադրում է, որ արտակարգ դրությունը թերևս միայն լրատվամիջոցների համար է:

Հարգելի քաղաքացիներ, սա չի նշանակում, թե արդեն վտանգ չկա: Պահպանե՜ք արտակարգ դրության կանոնները:

Հեղինակ: Eduard Saribekyan