Foto

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ

Պաշտոնական Մոսկվան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմամբ և զսպվածության կոչ է անում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք իսկապես մտահոգված ենք  հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ, որի հետևանքով զոհվել է հայ զինծառայող, վիրավորներ կան երկու կողմերից էլ»,- Զախարովայի խոսքն է մեջբերում «Ռիա-նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմի պահպանման վերջին պայմանավորվածություններին և քաղաքական ճանապարհով հակամարտության կարգավորմանը հասնելու մտադրությունների մասին հայտարարություններին:

«Մենք ելնում ենք նրանից, որ հետագա էսկալացիան անթույլատրելի է: Հակամարտության մասնակիցներին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի կիրառումից, ձեռնարկել քայլեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը»,- ավելացրել է Զախարովան: