Foto

Երևանի 37 անցումներում կտեղադրվեն հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ

Երևանում այս տարի նախատեսվում է 37 անցումներ կահավորել հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց քաղաքապետարանի  տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին:

Նա նախ հիշեցրեց, որ Երևանում ճանապարհային գծանշումների, նշանների, լուսացույցների տեղակայումը պատվիրակված է ոստիկանությանը: «Սակայն Երևանի քաղաքապետարանը, կարևորելով քաղաքում երթևեկության կազմակերպումը և անվտանգության ապահովումը, համագործակցելով ՃՈ-ի հետ, անցյալ տարի թվով 7 հետիոտնային անցումներ կահավորել է հետիոտնային կանչի լուսացույցներով: Այս տարի նախատեսվում է Երևանում 37 հետիոտնային չկարգավորվող անցումները կահավորել հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով»,-ասաց Գալստյանը:

Այսպիսով` Երևանում այս տարվա վերջին կլինեն ընդհանուր 57 հետիոտնային կանչի ռեժիմով կարգավորվող լուսացույցներ:  Շուրջ 80 վտանգավոր հետիոտնային անցումներ կկահավորվեն լեդ լույսերով, որոնք էլ ավելի անվտանգ երթևեկություն կապահովեն: